ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Սիմա Ասատրյանը և Աննա Էդիլյանը արժանացել են Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի՝ ըստ 2025–2026 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի արդյունքների։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում։ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներն այս հեղինակավոր մրցանակին արժանանում են երկրորդ անգամ՝ հաստատելով իրենց ակադեմիական բարձր պատրաստվածությունը, գիտական ակտիվությունը, ինչպես նաև համալսարանի հասարակական ու մշակութային կյանքում ներգրավվածությունը։
3-րդ կուրսի ուսանողուհի Սիմա Ասատրյանի և 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Էդիլյանի թեկնածություններն առաջադրելիս հաշվի են առնվել վերջիններիս գերազանց առաջադիմությունը, մասնակցությունը գիտաժողովներին, կլոր սեղաններին, միջազգային կրթական ծրագրերին և ամառային դպրոցների աշխատանքներին։
Հայաստանում ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստն անցկացվել է կրթական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Մոսկվայի հայրենակիցների տան (ՄՀՏ) տնօրեն Դմիտրի Կոժաևը և ՄՀՏ միջազգային համագործակցության վարչության պետ Միխայիլ Կլիշինը՝ ուսանողներին մաղթելով հետագա հաջողություններ, արդյունավետ աշխատանք։
Հայաստանում ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Թյությունջյանը նշել է, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ այս ուսումնական տարում ևս հատկացվել է 15 կրթաթոշակ Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների համար, որոնց թվում են Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Վ. Յա. Բրյուսովի անվան պետական համալսարանը, ՀՀ բարձրագույն ուսումնական այլ հաստատություններ։
Հիշեցնենք, որ «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագիրը գործում է 1996 թվականից և ընդգրկված է Մոսկվայի կառավարության առաջնահերթ, սոցիալապես կարևոր նախագծերի շարքում։ Ծրագրի նպատակն է աջակցել և զարգացնել ռուսախոս երիտասարդության մտավոր ներուժը։





