Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 17-ին «Համալսարանական երկխոսություն» հանդիպում-քննարկումների շարքի շրջանակում անցկացվեց «Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը Հայաստանում․ դեպքեր, հայտնաբերում և արձագանք» թեմայով հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցեցին ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի և մագիստրոսական, ինչպես նաև «Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները։
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում․ ռազմավարական հաղորդակցություն և հակազդում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին ու միջամտությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Միջազգային մասնագետների համագործակցության ցանց» (PractNet) էստոնական հասարակական կազմակերպությունը՝ Հանրային լրագրության ակումբի (PJC) հետ համագործակցությամբ։ Քննարկման բանախոսն էր «ԿիբեռՀաբ»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների փաստագրված դեպքերն ու մշտադիտարկման արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով 2026 թվականի նախընտրական և հետընտրական փուլերում արձանագրված դրսևորումներին։ Կոնկրետ օրինակների վերլուծության միջոցով բացահայտվեցին տեղեկատվական ազդեցության հիմնական թեմաները, թիրախները, կիրառվող հարթակներն ու տարածման մեթոդները։
Բանախոսը հստակ սահմանազատեց օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը ապատեղեկատվությունից, ոչ միտումնավոր տարածված սխալ տեղեկություններից և կարծիքի իրավաչափ արտահայտումից։ Այս տարբերակման հիման վրա քննարկվեցին կասկածելի տեղեկատվական գործունեության հայտնաբերման, ապացույցների հավաքման, ինչպես նաև սկզբնաղբյուրներն ու պատասխանատուներին բացահայտելու ընթացքում առաջացող գործնական դժվարությունները։ Ներկայացվեցին նաև տեղեկությունների ստուգման և մանիպուլյատիվ ազդեցություններին անհատական ու համակարգային (ինստիտուցիոնալ) մակարդակներում արձագանքելու մոտեցումները։
Թեմայի արդիականությունն ու կիրառական նշանակությունը մեծ հետաքրքրություն առաջացրին ուսանողների շրջանում՝ վերածվելով անմիջական և աշխույժ երկխոսության։ Ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը, բարձրացրին հարցեր և կիսվեցին իրենց դիտարկումներով։ Հարցուպատասխանի ձևաչափը թույլ տվեց խորությամբ քննելու տեղեկատվական մանիպուլյացիաների ճանաչման և դրանց արձագանքելու գործնական խնդիրները։
Հասարակայնության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցության ապագա մասնագետների համար հանդիպումը կարևոր հարթակ էր՝ լսարանային ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները ոլորտի գործնական փորձի հետ համադրելու տեսանկյունից։ Նման ձևաչափի հանդիպումները նպաստում են տեղեկատվական միջավայրը քննադատաբար գնահատելու, աղբյուրների արժանահավատությունը ստուգելու և պատասխանատու հաղորդակցություն իրականացնելու մասնագիտական կարողությունների զարգացմանը։