Թունիսում կայացավ «Ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» խորագրով միջազգային կոնգրես՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման մարտահրավերներին։ Կոնգրեսին ելույթով հանդես եկավ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահերի պաշտպանության մասնագետ, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Լիանա Մկրտչյանը։
Միջազգային այս հարթակը միավորեց 14 երկրի ավելի քան 100 մասնագետների՝ որոշում կայացնողների, հետազոտողների, ակադեմիկոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Գիտաժողովին մասնակցեց նաև «ՍՕՍ-Մանկական գյուղեր» (Հայաստան) բարեգործական հիմնադրամը՝ ներկայացնելով Հայաստանում ապաինստիտուցիոնալացման ոլորտում ձեռք բերված վերջին կարևոր հաջողությունները։
Կոնգրեսը կազմակերպվել էր Թունիսի «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ասոցիացիայի, Թունիսի հումանիտար գիտությունների բարձրագույն ինստիտուտի հոգեբանության բաժնի համագործակցությամբ, Թունիսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարի հովանու ներքո, ինչպես նաև Ընտանիքի, կանանց, երեխաների, տարեցների և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ։
Ստեղծված միջգիտական երկխոսությունը նպաստեց տարբեր երկրների փորձի, մարտահրավերների ու հաջողությունների համեմատական վերլուծությանը՝ ուղղված երեխաների բարեկեցության ապահովմանը ընտանիքահեն խնամքի մոդելների միջոցով։
Այս կարևոր միջոցառման շրջանակում նաև պաշտոնապես հաստատվեց համագործակցություն Երևանի պետական համալսարանի և Թունիսի համալսարանի միջև՝ գիտակրթական կապերը, փորձի փոխանակումը և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը երեխաների պաշտպանության ոլորտում խթանելու և զարգացնելու նպատակով։