ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում «Հասարակայնության հետ կապեր (PR)» բակալավրի կրթական ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում՝ PR ոլորտի համաշխարհային ճանաչում վայելող փորձագետ, գործարար, լրագրող և դիվանագետ Մաքսիմ Բեհարի հետ:
Մաքսիմ Բեհարը Դավոսում գործող Համաշխարհային հաղորդակցային ֆորումի (World Communication Forum Association) տնօրենների խորհրդի նախագահն է, ICCO-ի՝ աշխարհի խոշորագույն PR կազմակերպության նախկին նախագահը, Ջոն Ֆ. Քենեդիի անվան կառավարման դպրոցի (John F. Kennedy School of Government) շրջանավարտ, «M3 Communication Group»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն: Նրա «The Global PR Revolution» գիրքը «Book Authority»-ի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն 10 PR գրքերից մեկը։
Հանդիպումը կազմակերպվել էր «Spring PR» ընկերության համահիմնադիրներ, ԵՊՀ դասախոս, դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր (PR)» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավար Նվարդ Մելքոնյանի և Միջազգային հանրային կապերի ասոցիացիայի (IPRA) և «Davos World Communication Forum Association»-ի խորհրդատվական խորհուրդների անդամ Տաթևիկ Սիմոնյանի նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում Մաքսիմ Բեհարը փոխանցեց տարիների իր փորձը, կուտակած գիտելիքները, գործնական խորհուրդներն ու PR-ի իր ընկալումը:
PR-ը ճշմարտությունն ասում է մարդկանց՝ իրենց հասկանալի լեզվով։ Speed, Simplicity, Self-confidence - արագություն, պարզություն, ինքնավստահություն. սա է PR մասնագետի հաջողության բանաձևը:
PR ոլորտի համաշխարհային առաջատարի՝ Մաքսիմ Բեհարի հետ հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը:
