ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ առաջինկուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Ուսանողներին ողջունեցին և շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը և ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը:
Ուսանողներին շնորհավորելով ԵՊՀ մեծ ընտանիքի անդամ դառնալու կապակցությամբ՝ նրանք կարևորեցին բարձրագույն կրթության նշանակությունը ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում:
Միջոցառման ընթացքում ուսանողներին մանրամասն ներկայացվեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կառուցվածքն ու գործունեության հիմնական ոլորտները: Բանախոսներն անդրադարձան ֆակուլտետում գործող ամբիոնների ծավալած գործունեությանը, գիտակրթական կենտրոններին, մասնագիտացման լայն հնարավորություններին: Մանրամասնորեն ներկայացվեցին ֆակուլտետում ուսումնասիրվող առանցքային ուղղություններն ու ֆակուլտետի զարգացման առաջնահերթությունները՝ նպատակաուղղված բարձրորակ, մրցունակ մասնագետների պատրաստմանը:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ֆակուլտետում ուսուցանվող օտար լեզուներին և դրանք խորությամբ տիրապետելու անհրաժեշտությանը: Ելույթ ունեցող մասնագետներն ընդգծեցին, որ լեզուների տիրապետելը վճռորոշ նշանակություն ունի դիվանագիտության, արտաքին քաղաքական վերլուծության և միջազգային համագործակցության ոլորտներում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Լեզվական պատրաստվածությունը դիտարկվել է որպես ապագա մասնագետների՝ միջազգային ասպարեզում ինտեգրման և մասնագիտական վերելքի հիմնական երաշխիքներից մեկը:
Միջոցառման ավարտին ֆակուլտետի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին և մաղթեցին հաջողություններով ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի:

