ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Կորեական այբուբենի (Հանգլ) օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Կորեերեն խոսքի համահայկական մրցույթ–2026»-ը։
Միջոցառումը կազմակերպվել էր Կորեայի Հանրապետության կրթության նախարարության և Կորեագիտության կենտրոնական ակադեմիայի (AKS) կորեագիտության խթանման ծառայության աջակցությամբ։ Մրցույթի առանցքային նպատակն էր խթանել Հայաստանում կորեերենի ուսուցումը, ուսանողներին ընձեռել բանավոր խոսքի հմտությունները ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև նպաստել կորեական մշակույթի նկատմամբ հետաքրքրության խորացմանը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն իր ողջույնի խոսքում կարևորեց Կորեագիտության կենտրոնական ակադեմիայի՝ ֆակուլտետին ցուցաբերած աջակցությունը։ Դեկանն ընդգծեց, որ ԵՊՀ-ում կորեերենին ու կորեական մշակույթին նվիրված միջոցառումները շարունակական բնույթ ունեն։ Տ․ Եփրեմյանը մատնանշեց օտար լեզուների դերը մշակութային երկխոսության և միջպետական փոխըմբռնման ամրապնդման գործում՝ մասնակիցներին մաղթելով հաջող և վստահ ելույթներ։
Հետայդու մասնակիցները հանդես եկան կորեերեն ելույթներով՝ անդրադառնալով կորեերենի ուսումնառությանը, օտար լեզուների ուսումնասիրման արդյունավետ մեթոդներին, կորեական մշակույթին, լեզվի ու մշակույթի փոխկապակցվածությանը, ինչպես նաև կորեացիներին Հայաստանը ներկայացնելու հեռանկարներին։
«Կորեերեն խոսքի համահայկական մրցույթ–2026»-ը դարձավ կարևոր հարթակ Հայաստանում կորեերեն ուսումնասիրողներին միավորելու, վերջիններիս ձեռքբերումները լուսաբանելու և երկու ժողովուրդների միջև մշակութային կապերն ընդլայնելու տեսանկյունից։





