ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կազմակերպվեց պանելային քննարկում՝ նվիրված 2026 թ. հունվարի 8-ին ՀՀ Կառավարության հաստատած «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի» հիմնական դրույթների վերլուծությանը:
Զեկույցներով հանդես եկան Հանրային կառավարման ամբիոնի ներկայացուցիչները՝ ք.գ.թ., ասիստենտ Նարինե Ասրյանը, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանը և տ.գ.թ. Նարինե Պետրոսյանը: Քննարկումն ընդգրկում էր Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատումը, քաղաքականության առաջնահերթությունները, ինստիտուցիոնալ կառուցակարգերը, ինչպես նաև դոկտրինի իրականացման ծրագրավորման, մշտադիտարկման և արդյունքների գնահատման համակարգերը։
Բանախոս Նարինե Ասրյանն իր ելույթում անդրադարձավ տնտեսական աճի որակի և կայունության ապահովմանը, կառուցվածքային արդիականացմանն ու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մարզային համաչափ զարգացմանը, տնտեսական հնարավորությունների անհավասարության նվազեցմանը և աճի արդյունքների հասանելիությանը հասարակության բոլոր խմբերի համար՝ ընդգծելով, որ տնտեսական զարգացումը պետք է դիտարկել մարդկային բարեկեցության ընդլայնման տեսանկյունից։
Աշոտ Մարդոյանը մատնանշեց տնտեսական ակտիվության, գնաճի, ներդրումների, արտաքին առևտրի և պետական ֆինանսների ցուցանիշները՝ դրանք կապելով երկրի երկարաժամկետ կայունության և բնակչության բարեկեցության հետ։ Նա անդրադարձավ նաև դոկտրինի նպատակները գործնական քաղաքականության վերածելու ինստիտուցիոնալ եղանակներին, պետական մարմինների միջև պատասխանատվության բաշխմանն ու միջգերատեսչական համագործակցությանը։
Բանախոս Նարինե Պետրոսյանը ներկայացրեց ռազմավարական նպատակների վերածումը չափելի ցուցանիշների, միջոցառումների ժամկետների և պատասխանատուների սահմանումը։ Կարևորվեց մոնիթորինգի այնպիսի ընթացակարգի ձևավորումը, որը թույլ կտա գնահատել քայլերի իրական ազդեցությունը, բացահայտել շեղումները և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ՝ շեշտադրելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, մարդկային կապիտալի, տարածքային համաչափ զարգացման և երկրի մրցունակության բարձրացման վերաբերյալ։ Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին հանրային ընկալումների չափման մեթոդները և հանրային կարծիքի ուսումնասիրությունների կիրառումը քաղաքականության բարելավման գործընթացում։ Անդրադարձ կատարվեց նաև կրթության դերին՝ որպես տնտեսական առաջընթացի առանցքային նախապայմանի, մասնավորապես՝ կրթական համակարգի և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Բացի դրանից՝ դիտարկվեց 2026-2031 թթ. Կառավարության ծրագիրը՝ որպես դոկտրինի ռազմավարական սկզբունքներն ու երկարաժամկետ նպատակները գործնական առաջնահերթությունների և կոնկրետ միջոցառումների վերածելու հիմնական գործիք։ Կարևորվեց դոկտրինի տեսլականի և Կառավարության ծրագրի միջև շարունակական կապի ապահովումը՝ չափելի ցուցանիշների, մշտադիտարկման և գնահատման գործընթացների միջոցով։
Ամփոփելով՝ մասնակիցները փաստեցին, որ դոկտրինը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարական հիմքն է։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց տնտեսական աճի որակի բարձրացման, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի, տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության ամրապնդման կարևորությունը։


