ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, պ.գ.թ., դոցենտ Ռոման Կարապետյանը ս.թ. օգոստոսի 8-13-ն այցելեցին Հնդկաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում Տ. Եփրեմյանը և Ռ. Կարապետյանը Հնդկաստանի կառավարման ինստիտուտում (Ռանչի) օգոստոսի 9-ին մասնակցեցին «Հիմալայան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը» խորագրով գիտաժողովին:
Միջազգային հարաբերությունների դեկան Տ. Եփրեմյանը Նյու Դելիի Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում, որը Հնդկաստանի առաջատար համալսարաններից մեկն է, հանդես եկավ «Պատմությունը և աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով բանախոսությամբ: Թեմայի շրջանակում ելույթ ունեցավ նաև դոցենտ Կարապետյանը:

Բանախոսությունից հետո ԵՊՀ ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Ջավահառլալ Ներուի համալսարանի միջազգայնագիտության ֆակուլտետի (School of International Studies) ղեկավար կազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այդ թվում՝ նշանավոր պրոֆեսոր Շրիկանթ Կոնդապալլիի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Ջավահառլալ Ներուի համալսարանի միջև համագործակցության ամրապնդման մի շարք հարցեր՝ միջազգային գիտաժողովի կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելություններ և ուսանողների փոխանակման ծրագրեր, մագիստրոսական թեզերի և ասպիրանտների ատենախոսությունների համաղեկավարում, ինչպես նաև համատեղ հետազոտությունների և հրատարակությունների կազմակերպական հարցեր:
Դեկան Տիգրան Եփրեմյանը կարևորեց հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունն ու միջգիտակարգային կապերի ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակվելու քննարկումները ԵՊՀ և Ջավահառլալ Ներուի համալսարանի միջև համագործակցության հուշագրի կնքման նպատակով: