ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հյուրընկալել էր ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նիլակշի Սահա Սինհային:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Այցի նպատակը ֆակուլտետի մասնագիտական գրականության ցանկի համալրումն էր հնդկական քաղաքական մտքին, դիվանագիտությանը, մշակույթին և պատմությանը նվիրված մի շարք արժեքավոր գրքերով:
Դեսպան Ն.Գ. տիկին Նիլակշի Սահա Սինհան ընդգծել է, որ Հնդկաստանը բարձր է գնահատում մեր երկրի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու գործում:
Հանդիպումն ավարտվեց դեսպան-ուսանողներ հարցուպատասխանով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Նաշրա Խանի այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն հայ-հնդկական հարաբերություններն առաջիկա 10 տարիների ընթացքում, դեսպանը պատասխանեց. «Այժմ Հնդկաստանն ու Հայաստանը բավական լավ հարաբերություններ ունեն: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն ու կընդարձակվեն»:
Սա ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանի թվով երկրորդ այցն էր ֆակուլտետ: