ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ նպաստելու գիտակրթական համագործակցության լավարկմանը և քննարկելու տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց հայ-իրանական բազմադարյան բարեկամական հարաբերությունների կարևորությունը:
Նշվեց, որ կրթագիտական համագործակցությունը երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հենասյուներից մեկն է, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են խորքային վերլուծություն և մասնագիտական պատրաստվածություն։
Իրանի դեսպանն իր խոսքում անդրադարձավ տարածաշրջանում ընթացող գործընթացներին, անվտանգության մարտահրավերներին, տնտեսական համագործակցության հեռանկարներին և մշակութային կապերի ընդլայնման հնարավորություններին։ Նա կարևորեց երիտասարդ դիվանագետների և միջազգային հարաբերությունների մասնագետների՝ ապագա որոշում կայացնողների և պետությունների միջև փոխվստահությունն ամրապնդողների դերը։ Հանդիպման ընթացքում ուսանողները դեսպանին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան՝ Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տարածաշրջանային հաղորդակցությունների, ինչպես նաև գիտակրթական փոխանակումների վերաբերյալ։
Ծավալված ակտիվ և կառուցողական քննարկումը ևս մեկ անգամ ընդգծեց նման ձևաչափերի կարևորությունը համալսարան-դիվանագիտական առաքելություն համագործակցության տեսանկյունից:
Հանդիպման ավարտին վերահաստատվեց կրթագիտական կապերի խորացման պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման։







