ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կայացավ հանդիպում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, որն ընդգծեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, միջազգային գործընթացների վերաբերյալ գիտելիքների խորացման և գործնական փորձի ձեռքբերման առումով։
Իր խոսքում դեսպանը ներկայացրեց Չեխիայի պատմական զարգացման հիմնական փուլերը՝ ընդգծելով միջնադարյան պետականության ձևավորումը, մշակութային վերածննդի շրջանը և ժամանակակից պետականության կայացման գործընթացը։ Նա առանձնահատուկ կարևորեց ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և եվրոպական արժեքների վրա հիմնված հասարակության ձևավորման նշանակությունը։
Դեսպանը ներկայացրեց չեխական մշակույթի ինքնատիպությունը՝ շեշտադրելով գրականության, երաժշտության, ճարտարապետության և արվեստի նշանակալի դերակատարությունը ազգային ինքնության պահպանման գործում։ Նա նշեց նաև, որ Չեխիան հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, որը ոչ միայն ազգային հպարտություն է, այլև միջազգային հետաքրքրության առարկա։
Անդրադառնալով Չեխիայի տարատեսակ քաղաքներին և զարգացած ենթակառուցվածքներին՝ դեսպանը ներկայացրեց երկրի խոշոր քաղաքները՝ մատնանշելով դրանց պատմական, տնտեսական, կրթական կարևորությունը։
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու դեսպանին՝ կապված Չեխիայի պատմական փորձի, մշակութային քաղաքականության և միջազգային համագործակցության հեռանկարների հետ։
Միջոցառումը մասնագիտական տեսանկյունից նպաստեց ուսանողների գիտելիքների հարստացմանը՝ ընդլայնելով նրանց պատկերացումները եվրոպական պետության պատմամշակութային զարգացման վերաբերյալ:





