ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին մանրամասն ծանոթացնել նախարարության գործունեությանը և համակարգում կատարվող լայնածավալ բարեփոխումներին։
Փոխնախարարը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորման նախադրյալները և կառուցվածքային առանձնահատկությունները։ Նա առանձնահատուկ անդրադարձ կատարեց ՀՀ ոստիկանության բարեփոխումներին ու պարեկային ծառայության ներդրմանը, որը հասարակական անվտանգության ապահովման գործում նոր մշակույթ է ձևավորում։ Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև միգրացիոն քաղաքականությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթները և ոլորտի թվայնացմանն ուղղված քայլերը։
Արմեն Ղազարյանը կարևորեց նաև միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով Եվրոպական միության և այլ գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը։ Ըստ նրա՝ միջազգային չափանիշների ներդրումը ներքին գործերի համակարգում առաջնահերթություն է, ինչը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Հանդիպումն անցավ ակտիվ երկխոսության մթնոլորտում, որի ընթացքում ՈՒԳԸ-ականները բարձրացրին իրենց հուզող հարցերը։ Քննարկվեցին վիզաների ազատականացման գործընթացի մանրամասները, կիբեռհանցավորության դեմ պայքարի մեխանիզմները և երիտասարդ մասնագետների համար նախարարությունում աշխատանքի անցնելու հեռանկարները։ Փոխնախարարը պատասխանեց բոլոր հարցերին և հորդորեց ուսանողներին լինել նախաձեռնող ու մասնակից դառնալ պետական կառավարման համակարգի զարգացմանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Կարինե Առաքելյանը, ամփոփելով հանդիպումը, շնորհակալություն հայտնեց հյուրին և կարևորեց նմանօրինակ հանդիպում-քննարկումները ուսանողների համար՝ երկրի ներքին անվտանգային քաղաքականության վերաբերյալ գործնական պատկերացում կազմելու հնարավորության տեսանկյունից։