ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դիվանագիտական արվեստի մասին դասախոսությամբ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցեր։
Միջոցառման մեկնարկին ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը կարևորեց դիվանագիտական ներկայացուցչությունների հետ սերտ համագործակցությունը: Նա շեշտեց, որ նմանատիպ քննարկումները հիանալի հարթակ են ուսանողների համար՝ անմիջականորեն ծանոթանալու համաշխարհային քաղաքականության արդի միտումներին և դիվանագիտական աշխատանքի նրբություններին։
Ալեքսանդրա Քոուլին իր ելույթում մանրամասն անդրադարձ կատարեց հայ-բրիտանական հարաբերությունների պատմական ընթացքին և ներկա դինամիկային՝ առանձնահատուկ շեշտադրելով ժողովրդավարական արժեքների ամրապնդման և տնտեսական գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Դեսպանը ներկայացրեց Միացյալ Թագավորության մոտեցումները տարածաշրջանային անվտանգային խնդիրների վերաբերյալ և խոսեց այն կրթական ու մշակութային ծրագրերի մասին, որոնք հնարավորություն են տալիս հայ երիտասարդներին կատարելագործելու իրենց գիտելիքները բրիտանական առաջատար բուհերում։ Դեսպանը բարձր գնահատեց ԵՊՀ ուսանողների պատրաստվածության մակարդակը և կարևորեց նրանց դերը ապագայում երկու երկրների միջև կամուրջների ստեղծման գործում։
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով: Ապագա միջազգայնագետներն ու դիվանագետները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու բարձրաստիճան հյուրին։ Հարցադրումները հիմնականում վերաբերում էին աշխարհաքաղաքական բարդ գործընթացներին, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական առաջնահերթություններին և փափուկ ուժի կիրառման առանձնահատկություններին։ Պատասխանելով ուսանողների հարցերին՝ դեսպանը ներկայացրեց իր մասնագիտական փորձն ու տվեց գործնական խորհուրդներ՝ կոչ անելով մշտապես ձգտել վերլուծական, քննադատական մտածողության և լինել նախաձեռնող։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին կրթական համագործակցությունը շարունակելու և նմանօրինակ ձևաչափով քննարկումները պարբերական դարձնելու պատրաստակամությունը։