ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ձևավորված ավանդույթի համաձայն՝ ուսումնական քննաշրջանի հաջող ավարտից հետո մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսանողների համար կազմակերպվեց հայրենաճանաչողական արշավ։
Այցելությունների այս տարվա ծրագրում ներառված էին Հայաստանի հոգևոր և ճարտարապետական պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող չորս կարևորագույն կենտրոնները՝ Սևանավանքը, Հաղարծինը, Մաթոսավանքը և Ջուխտակ վանքը։
Արշավի մեկնարկային հանգրվանը Սևանի թերակղզին էր, որտեղ ուսանողները ծանոթացան Սևանավանքի պատմական անցյալին, դարավոր հուշարձանների ճարտարապետական առանձնահատկություններին և վանական համալիրի՝ տարբեր դարաշրջաններում ունեցած ռազմավարական դերակատարմանը։
Մշակութային ճանապարհորդության երկրորդ՝ ավելի ակտիվ ու քայլարշավային հատվածն անցավ Դիլիջանի ազգային պարկում, որտեղ ուսանողները բացահայտեցին Մաթոսավանքի և Ջուխտակ վանքի պատմական հուշարձանախմբերը։ Բնության հետ կատարյալ ներդաշնակության մեջ եղող այս խոնարհված, բայց կանգուն սրբավայրերը՝ իրենց յուրօրինակ խաչքարերով ու տապանաքարերով, ուսանողներին հնարավորություն տվեցին հաղորդակից դառնալու հայկական մշակութային արժեքների խորությանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարևորում է նմանատիպ միջոցառումների պարբերական կազմակերպումը, քանի որ դրանք զգալիորեն նպաստում են ուսանողների համակողմանի զարգացմանը:




