ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենի չորսամսյա դասընթացի և «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում ուսանողները հանդես եկան կորեերենին, կորեական գրականությանն ու մշակույթին նվիրված զեկուցումներով, ասմունքով, ինչպես նաև երաժշտական և պարային կատարումներով։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը ողջույնի խոսքում ընդգծեց համալսարանում կորեերենի և կորեագիտության զարգացման կարևորությունը՝ մատնանշելով, որ միջազգային կրթական ծրագրերն ու ակադեմիական ակտիվ համագործակցությունը ուսանողների համար բացում են զարգացման լայն հորիզոններ՝ հնարավորություն տալով դառնալու մրցունակ մասնագետներ համաշխարհային ասպարեզում։ Ելույթից հետո Տիգրան Եփրեմյանը, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Սյուզաննա Նավասարդյանը հանձնեցին «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքը հաջողությամբ ավարտածների վկայականները։
«Կորեա հիմնադրամի» (Korea Foundation) Մոսկվայի գրասենյակի տնօրեն, միջոցառման պատվավոր հյուր Ի Սո Մյոնգը հանդես եկավ շնորհավորական ուղերձով՝ բարձր գնահատելով ուսանողների ներդրած ջանքերն ու հետաքրքրվածությունը։
Արարողությանը ներկա էին ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Հաջողությամբ իրականացված սույն դասընթացը ևս մեկ կարևոր քայլ է ԵՊՀ միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև հայ-կորեական կրթամշակութային կապերի ամրապնդման ճանապարհին, որը հիմք կդնի նոր ու առավել ընդգրկուն համատեղ ծրագրերի:





