ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված եվրասիական հիմնախնդիրներին, հայ-չինական երկկողմ հարաբերություններին և «Գոտի և ճանապարհ» գլոբալ նախաձեռնությանը։
Միջոցառման շրջանակում ֆակուլտետն ընդունել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի բարձրաստիճան պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն Սուն Չժուանժիի գլխավորությամբ:
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել հայ-չինական հարաբերությունները, երկկողմ քաղաքական, տնտեսական և կրթամշակութային կապերի խորացման ներուժն ու զարգացման հեռանկարները։ Զուգահեռաբար քննարկվել է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, այդ համատեքստում՝ Հայաստանի դերն ու հնարավորությունները:
Միջոցառումն ավարտվել է ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել չինացի գործընկերներին ուղղելու իրենց հուզող հարցերն ու ծավալելու հետաքրքիր մտքափոխանակություն: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու, ավելի ամրապնդելու և համակարգված դարձնելու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցությունը՝ նախատեսելով կազմակերպել համատեղ գիտաժողովներ և հանդիպումներ նաև ապագայում։



