ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ 2025-2026 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 379 շրջանավարտների ավարտական վկայականների շնորհման պաշտոնական և հանդիսավոր արարողությունը:
Ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ, անձամբ հանձնեց գերազանցությամբ ավարտած շրջանավարտների վկայականները։
«Իմ խորին հարգանքն ու ջերմագին շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ՝ այս նշանակալի օրվա կապակցությամբ: Դուք ավարտում եք կրթությունը այնպիսի ոլորտներում, որոնք 21-րդ դարում ունեն վճռորոշ նշանակություն՝ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն և հանրային կառավարում։ Դա նշանակում է, որ ձեզ վրա ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական պատասխանատվություն է դրված։ Դուք եք վաղը կայացնելու քաղաքական որոշումներ, ներկայացնելու պետությունը միջազգային հարթակներում և կառավարելու հանրային ռեսուրսները՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»,- նշեց դեկանը։
Դեկան Տ. Եփրեմյանը, առանձնահատուկ կարևորելով արագ փոփոխվող աշխարհում երիտասարդ մասնագետների դերը, ընդգծեց. «Աշխարհակարգի փոփոխությունները, տեխնոլոգիական հեղափոխությունը, արհեստական բանականության զարգացումը, աշխարհաքաղաքական մրցակցությունը, կլիմայական փոփոխությունները և անվտանգային արդի մարտահրավերները պահանջում են նոր մտածողություն և նոր առաջնորդներ։ Վստահ եմ, որ դուք պատրաստ եք այդ պատասխանատվությանը»։
Արարողության մշակութային մասում երաժշտական կատարմամբ հանդես եկավ մագիստրատուրայի շրջանավարտ Շուշան Դավեյանը՝ ներկայացնելով աշխարհահռչակ երգահան-կատարող Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից մի քանիսը։
Շրջանավարտներն իրենց հերթին երախտագիտության խոսք հայտնեցին մայր բուհին ու դասախոսներին՝ տարիներ շարունակ իրենց կողքին լինելու, անսպառ գիտելիքներ փոխանցելու և որպես քաղաքացի ու մասնագետ ձևավորելու համար։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ և նրանց հարազատները։