Կանաչ տնտեսություն և կառավարում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 1,5 տարի
Շնորհվող որակավորումը՝ կառավարման մագիստրոս
Ընդունելության քննությունը` գրավոր
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Կանաչ տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ունակ են մշակելու և իրականացնելու կայուն կառավարում, շրջանաձև տնտեսության խթանման քաղաքականություն, վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման կառավարում և աշխատելու պետական ու մասնավոր հատվածի կազմակերպություններում որպես կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև ֆունկցիոնալ ստորաբաժանումների և նախագծերի ղեկավարներ:
Արդիականությունը
Տեխնոլոգիական, ինստիտուցիոնալ և մշակութային գործոններով պայմանավորված՝ զարգացումների արդի փուլում կայուն զարգացման նպատակադրումները գերիշխող են, ուստի առանձնակի կարևորվում է անցումը տնտեսության/բիզնեսի կառավարման ավանդական մոդելներից դեպի կայուն զարգացում։ Կանաչ տնտեսության ձևավորման գաղափարի վրա հիմնված մոդելները նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր, բարելավելու կյանքի որակը և պահպանելու բնական էկոհամակարգը՝ միաժամանակ մեղմելով կլիմայի փոփոխությունները և նպաստելով ռեսուրսների կայուն օգտագործմանը, մասնավորաբար ՄԱԿ-ի «Օրակարգ-2030» իրագործմանը:
Ծրագրի առավելությունները
«Կանաչ տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի հիմնադրումը պահանջ է աշխարհում ձևավորված մարտահրավերների և ՀՀ բիզնես միջավայրում տեղի ունեցող կառուցվածքային փոխակերպումների:
«Կանաչ տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է «Էրազմուս+» «T-Green» ծրագրի շրջանակում, որում ներգրավված միջազգային գործընկեր բուհերն ունեն հարուստ փորձ այս ուղղությամբ կրթություն տրամադրելու հարցում:
Մագիստրոսական կրթական ծրագիրը կարող է հիմք դառնալ ՀՀ պետական/մասնավոր հատվածի կազմակերպությունների կառավարման ոլորտում՝ կայուն զարգացման նպատակներին համապատասխան մոտեցումների, հայեցակարգերի և քաղաքականության մշակման մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման հարցում:
Կանաչ տնտեսության ձևավորումը և կայուն զարգացումը կարևորություն ունեն տնտեսության ցանկացած ոլորտում՝ արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից մինչև սպասարկում և ֆինանսներ: Առաջարկվող ծրագրի մեթոդաբանական ուղղվածությունը հիմնարար նշանակություն ունի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար՝ մասնագետներ պատրաստելու հարցում:
ԵՊՀ զարգացման տեսլականից է բխում միջգիտակարգային (ուսումնական պլանում ներառված են կառավարմանը, տնտեսագիտությանը, ֆինանսներին, մաթեմատիկական մոդելավորմանը, ագրարային էկոնոմիակային, իրավագիտությանն առնչվող դասընթացներ) կրթական ծրագրերի մշակումը՝ կրթության ու գիտության կողքին խթանելով ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումները:
Ծրագրի գործընկերները
Կայուն զարգացման ծրագրերում ներգրավված պետական կառավարման համակարգի և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցությունն ամրապնդում է ծրագրի համապատասխանությունը և ազդեցությունը համաշխարհային արդի իրողությունների վրա:
Մի շարք պետական/մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակում մագիստրանտներն անցնում են պրակտիկա՝ 3 շաբաթ տևողությամբ, որի ընթացքում կատարված վերլուծություններն ու հետազոտությունները հիմք են դառնում մագիստրոսական թեզի հետազոտական կառուցամասի պատրաստման համար: Պրակտիկան կազմակերպվում է կրթական ծրագրի բովանդակության հետ առնչություն ունեցող գործընկեր կազմակերպություններում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման դեպարտամենտում, Արարատի գինու գործարան ԲԲԸ-ում, Ավշարի գինու գործարան ՍՊԸ-ում, Պռոշյանի կոնյակի գործարանում, ինչպես նաև պետական կառավարման համակարգի գերատեսչություններում և նախարարություններում՝ արտադրական կազմակերպություններում, ծառայությունների ոլորտի կազմակերպություններում, այդ թվում՝ ֆինանսաբանկային, առևտրի և այլ ենթաոլորտների կազմակերպություններում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտների հնարավոր աշխատատեղերը և կարիերայի հնարավորությունները պայմանավորված են ուսանողների նախասիրություններով, ինչպես նաև ոլորտի առանձնահատկություններով: Ծրագրի շրջանակում նախատեսված է պատրաստել կառավարիչ մասնագետներ: Այս որակավորման մասնագետների պահանջարկը պայմանավորված է նրանով, որ կանաչ տնտեսության ոլորտում պահանջվում են մասնագետներ, որոնք կկառավարեն էկոլոգիապես կողմնորոշված բիզնես մոդելները: Դրանք մասնավորապես կազմակերպությունների կայուն զարգացման ռազմավարությունների մշակումն ու իրագործումն են, էկոլոգիական, սոցիալական և կառավարչական ռիսկերի գնահատումը և կառավարումը (ESG), կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստումը (GRI, SASB միջազգային չափանիշներով):
Շրջանավարտները կարող են աշխատել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), Կայուն զարգացման դեպարտամենտում, «Արարատի գինու գործարան» ԲԲԸ-ում, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ԲԲԸ-ում և այլ կազմակերպություններում:
Կոնտակտներ
«Կանաչ տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի պատասխանատու`
Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
Աննա Հովիկի Հակոբջանյան