Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ» խորագրով երիտասարդական միջազգային 7-րդ աշնանային դպրոցին, որն անցկացվեց հոկտեմբերի 2-4-ը Աղվերանում: Այն նվիրված էր երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ա. Սաղաթելյանի հիշատակին։ Ակտիվ մասնակցություն ցուցաբերելով եռօրյա դպրոցի աշխատանքներին՝ համալսարանականները ներկայացրին մասնագիտական դասախոսություններ, անդրադարձան արդիական հարցերի՝ ուսանողներին փոխանցելով ոլորտի վերաբերյալ գիտելիքներ:
Աշնանային դպրոցի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման ժամանակակից գիտական մոտեցումներին, սննդամթերքի անվտանգության ապահովման մեխանիզմներին, պարենային իրավունքի արդի զարգացումներին և Եվրոպական միության առաջատար փորձին։ Ծրագիրը միավորել էր տարբեր մասնագիտական ուղղությունների ներկայացուցիչների՝ հնարավորություն ընձեռելով սննդի անվտանգության խնդիրները դիտարկելու միջգիտակարգային տեսանկյունից։
Փոխլրացնող դասախոսություններ ներկայացրին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը և ֆակուլտետի ասպիրանտ, ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի օգնական Մերի Դանիելյանը։ Օլիմպիա Գեղամյանը «ՀՀ և ԵՄ իրավական համակարգերը և պարենային անվտանգության իրավակարգավորումները. իրավական հիմքեր և փոխհարաբերություն» թեմայի շրջանակում ներկայացրեց ՀՀ, ԵԱՏՄ և ԵՄ իրավակարգավորումների հիմնական հիմքերն ու փոխհարաբերությունը: Մերի Դանիելյանը «Սննդի անվտանգության իրավական կարգավորումը՝ ռիսկի գնահատումից մինչև պետական վերահսկողություն ՀՀ-ԵՄ համատեքստում (սպառողների իրավունքներ)» թեմայով դասախոսության շրջանակում անդրադարձավ ռիսկի գնահատման իրավական նշանակությանը, պետական վերահսկողության մեխանիզմներին և սպառողների իրավունքների պաշտպանությանը՝ այդպիսով սննդի անվտանգության իրավական կարգավորումը ներկայացնելով համակարգային և փոխկապակցված մոտեցմամբ։
Աշնանային դպրոցի աշխատանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ սննդի անվտանգության արդյունավետ համակարգի ձևավորումը պահանջում է բնագիտական գիտելիքի, ռիսկերի գիտական գնահատման, իրավական կարգավորման և պետական կառավարման մեխանիզմների համադրված կիրառում։
Երիտասարդական միջազգային աշնանային դպրոցը կարևոր հարթակ է բնագիտական և իրավական գիտելիքների փոխլրացման և երիտասարդ մասնագետների միջև համագործակցության համար: