Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևանում սեպտեմբերի 29-ին կազմակերպված «Ազգային երկխոսություն գենդերի, կենսաբազմազանության և COP17-ի շուրջ» համաժողովին մասնակցեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը՝ ներկայացնելով ակադեմիական հատվածը:
Համաժողովը միավորեց պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելով կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 2023-2030 թթ. գենդերային գործողությունների ծրագրի ազգային մակարդակով իրականացումը և COP17-ին ընդառաջ Հայաստանում կենսաբազմազանության կառավարման մեջ գենդերազգայուն մոտեցումների ամրապնդումը։
Պանելային քննարկման ընթացքում Օլիմպիա Գեղամյանը ներկայացրեց ակադեմիական հատվածի և ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի դիտարկումները՝ անդրադառնալով միջազգային պարտավորությունների ազգային մակարդակով իրականացմանը, առկա իրավական հիմքերին և կանանց արդյունավետ մասնակցության ապահովման մեխանիզմներին։
Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է նկատելի դրական առաջընթաց ինչպես կրթական, այնպես էլ հասարակական կյանքի այլ բնագավառներում կանանց ներգրավվածության և մասնակցության տեսանկյունից։ Միաժամանակ, ձևավորվել է զարգացած և բազմաշերտ օրենսդրական հիմք, որն ամրագրում է հավասարության, մասնակցության և համապատասխան գործընթացներում ներգրավված լինելու իրավունքները։
Ըստ Օլիմպիա Գեղամյանի՝ հաջորդ կարևոր խնդիրը այդ առաջընթացի և իրավական երաշխիքների իրական ազդեցությունը չափելի դարձնելն է։ Միայն մասնակցության թվային ցուցանիշը բավարար չէ գնահատելու համար, թե որքանով է մասնակցությունը եղել արդյունավետ և ազդեցիկ։ Անհրաժեշտ է մշակել հստակ չափորոշիչներ և մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու, օրինակ, ոչ միայն որոշումների ընդունման կամ խորհրդակցական գործընթացներին մասնակցած կանանց թիվը, այլև, թե նրանցից քանիսն են ներկայացրել առաջարկություններ, այդ առաջարկություններից քանիսն են ընդունվել, և որքանով են դրանք արտացոլվել վերջնական որոշումներում ու քաղաքականություններում։
«Կարևոր է անցում կատարել մասնակցության փաստի արձանագրումից դեպի մասնակցության իրական ազդեցության գնահատում։ Իրավունքների ամրագրումն ու մասնակցության հնարավորության ապահովումը կարևոր ձեռքբերումներ են, սակայն հաջորդ քայլը պետք է լինի հասկանալը, թե այդ մասնակցությունն իրականում որքանով է ազդում որոշումների բովանդակության վրա»,- նշեց Օլիմպիա Գեղամյանը։
Նա նաև կարևորեց ակադեմիական հաստատությունների դերը նման գնահատման մեթոդաբանությունների մշակման, օրենսդրության և քաղաքականությունները գիտականորեն հիմնավորված գնահատելու ու ապացուցահենք առաջարկություններ ներկայացնելու գործում՝ ընդգծելով, որ Հայաստանում COP17-ի անցկացումը լրացուցիչ հնարավորություն է այս ուղղությամբ պետություն-ակադեմիական հատված-քաղաքացիական հասարակություն համագործակցությունն ամրապնդելու համար։