ՀՀ արդարադատության նախարարությունում ներդրված մասնագիտական գիտելիքների փոխանակման ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում հոկտեմբերի 14-ին անցկացվեց միջոցառում, որը դարձավ ակադեմիական համայնքի և պետական կառավարման մարմնի ներկայացուցիչների միջև քննարկումների, փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ:
Բացման խոսքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը նշեց, որ բարձր է գնահատում ՀՀ արդարադատության նախարարության և մասնավորապես՝ գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանի նախաձեռնությունը:
Նա ընդգծեց, որ իրավագիտությունն առանցքային դեր ունի հանրային կյանքի բոլոր ոլորտների և բնագավառների կարգավորման գործում։ Այդ ոլորտներում ներգրավված մասնագետները հիմնականում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ նպաստում են ոլորտի տարբեր գործառույթների արդյունավետ իրականացմանը։ Նշվեց նաև, որ ԵՊՀ-ն շարունակական համագործակցություն է պահպանում իր շրջանավարտների հետ՝ ինչպես կրթական ծրագրերի իրականացման, այնպես էլ համագործակցության այլ ուղղություններով։ Նմանատիպ հանդիպումները համալսարանի և շրջանավարտների միջև ձևավորված կապի և շարունակական համագործակցության վառ օրինակներ են։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդգծեց մասնագիտական գիտելիքների և գործնական փորձի փոխանակման, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և ակադեմիական համայնքի միջև համագործակցության կարևորությունը՝ ոլորտային խնդիրների քննարկման և մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։
Ծրագրի շրջանակում նմանօրինակ հանդիպումները շարունակական կլինեն՝ ընդլայնելով ուսումնական հաստատությունների և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները։