«Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Ռուբինա Պետրոսյանն է, կազմակերպել էր «Երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկում: Քննարկմանը ներկա էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ:

Ռուբինա Պետրոսյանը ընթացիկ տարվա ապրիլի 15-ին կայացած միջոցառման իր խոսքում նշեց, որ երեխաներին առնչվող մեդիալուսաբանումներում չկարգավորված խնդիրներ կան: Հատկապես մեր ժամանակներում երեխաների իրավունքների պաշտպանությունը մեդիալուսաբանման ընթացքում պահանջում է հատուկ մոտեցում, ուստի մեդիան կարևոր դեր ունի երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց իրավունքների խախտումների կանխարգելման ու իրավահավասարության հարցերին ուշադրություն հրավիրելու գործում:
ԵՊՀ-ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը վերջին ժամանակների մարտահրավերներից է, այն հաղթահարելու մի քանի ճանապարհներ կան, և գործիքներից մեկը մեդիաոլորտն է։ Այդ գործընթացը պետք է իրականացվի զգուշորեն և կանոնակարգված՝ հաշվի առնելով երեխայի հատկապես անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, երեխայի լավագույն շահի ապահովման, երեխայի լսելի լինելու իրավունքների իրացման հիմնարար սկզբունքները:

Այս պանելային քննարկման նպատակն էր ոլորտային մասնագետների օգնությամբ անդրադառնալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպե՞ս է մեդիան լուսաբանում երեխաների իրավունքները, արդյո՞ք այդ ընթացքում հաճախ են խախտվում երեխաների իրավունքները, ինչպե՞ս բարձրացնել մեդիայի պատասխանատվությունը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, ինչպե՞ս ապահովել երեխաների սեփական կարծիքն արտահայտելու իրավունքի իրացումը մեդիայում, երբ խոսքը վերաբերում է իրենց իրավունքներին, որո՞նք են մեդիային պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, եթե վերջինիս գործունեության հետևանքով խախտվել են երեխաների իրավունքները: Ամփոփելով` Ռուբինա Պետրոսյանը հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավական ակտեր և կարգավորումներ: