2025 թվականի հուլիսի 7-9 Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը համախմբվեցին իրավագիտության ոլորտի առաջատար մասնագետներն ու ուսանողները՝ մասնակցելու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի կազմակերպած «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական 2-րդ ամառային դպրոցին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հյուսիսային համալսարանի, «Գլաձոր» համալսարանի, «Եվրասիա» միջազգային համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Շիրակի պետական և Գորիսի պետական համալսարանի ուսանողներ և դասախոսներ:
Ամառային դպրոցի ընթացքում ոլորտի տեսաբաններն ու պրակտիկ մասնագետները հանդես եկան միջազգային իրավունքի արդի ու հրատապ թեմաների մանրամասն ու բովանդակալից զեկուցումներով: Կազմակերպվեցին մասնագիտական ակտիվ քննարկումներ:
Ներառելով միջազգային իրավունքի կիրառման առանձնահատկությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը, միջազգային մարդասիրական իրավունքի դերը խաղաղության հաստատման և պահպանման գործում, ուժի կիրառումը միջազգային հարաբերություններում, զինված ընդհարումների ազդեցությունը ներդրումների պաշտպանության պայմանագրերի վրա, վերականգնումը հակամարտությունից հետո, իրավունքը և հաշտեցման գործիքները, մարդկանց թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանությունը, ՄԻԵԴ-ում գործերի քննության արդի հիմնախնդիրները, միջազգային և միջազգային բնույթի փաստաթղթերը, քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային իրավական և ներպետական կարգավիճակի հիմնախնդիրները և այլն:
Եռօրյա մասնագիտական քննարկումներն ընթացան միջբուհական ջերմ և ստեղծագործ մթնոլորտում, որի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ հետագա համագործակցության և գիտական կապերի ընդլայնման ուղղությամբ ձեռք բերվեցին հիմնարար պայմանավորվածություններ։
Նմանատիպ նախաձեռնությունները միջազգային իրավունքի ոլորտում գիտելիքների զարգացման և փորձի փոխանակման առումով ունեն կարևոր և անփոխարինելի նշանակություն։