ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ 2025-2026 ուստարվա առաջինկուրսեցիների դիմավորման, իրազեկման հանդիսավոր արարողությունը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը, շնորհավորելով բուհ ընդունվելու, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, նորաթուխ համալսարանականներին մաղթեց դառնալ նոր մտածողությամբ, բարձր պատրաստվածությամբ ու ժամանակի պահանջներին համապատասխան լավագույն մասնագետներ: Դեկանն ընդգծեց, որ ուսումնառության ընթացքը նպատակային և արդյունավետ օգտագործելու պարագայում ապագա մասնագետները կգտնեն իրենց արժանի տեղը հասարակության, պետության զարգացման գործընթացում:
Հետայդու դեկան Հարություն Խաչիկյանը, դեկանի տեղակալ Աշոտ Պետրոսյանը, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Չիլինգարյանը ներկայացրին Իրավագիտության ֆակուլտետի ուսումնական ստորաբաժանումները, ամբիոնները, ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական սկզբունքները, իրավագիտություն մասնագիտությանն առնչվող հիմնահարցերն ու հեռանկարները:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը համալսարանի հնագույն ֆակուլտետներից է և ունի գիտակրթական հարուստ ավանդույթներ։ ՀՀ-ում և տարածաշրջանում միջազգային համալսարանական որակավորման վարկանիշով առաջատար ֆակուլտետը Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթությունն ապահովող առավել երկար պատմական ուղի անցած, ամենահեղինակավոր և ճանաչված կենտրոնն է: Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են օրենսդիր և գործադիր իշխանության, իրավապահ և դատական համակարգերում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում, փաստաբանական ու խորհրդատվական ընկերություններում և այլ կառույցներում:
Ծավալվեց արդյունավետ զրույց, որի ընթացքում ԵՊՀ ներկայացուցիչները պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:
Իրավագիտության ֆակուլտետի առաջինկուրսեցիների համար 2025-2026 ուստարվա մեկնարկը և գիտելիքների աշխարհ մուտքն ազդարարվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի «Պետության և իրավունքի տեսություն» դասընթացով: Պրոֆեսորը ներկայացրեց համալսարանում ուսանելու առանձնահատկությունները, դասընթացը յուրացնելու որոշակի հնարքները և համապատասխան եղանակները: Այնուհետև Ա. Վաղարշյանը կարդաց օրվա իր դասախոսությունը՝ ներկայացնելով իրավագիտության գիտատեսական հիմքը հանդիսացող դասընթացը, հետազոտման առարկան և հասարակական գործառույթները: