Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում 2025 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։

Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցությամբ՝ նպաստելով մեդիայի ոլորտում իրավական գիտելիքների խորացմանը և խոսքի ազատության ու տեղեկատվության պաշտպանության մշակույթի զարգացմանը Հայաստանում։
Միջոցառմանը ներկա էին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը, ծրագրի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Նրանք հանդես եկան շնորհավորական խոսքերով՝ կարևորելով ծրագրի նշանակությունը արդի մեդիաիրավական միջավայրի համար։
Յ. Վյոլենշտայնն իր խոսքում ընդգծեց, որ տեղեկատվական իրավունքն ու պատասխանատու լրագրությունը ժողովրդավարության անբաժանելի բաղադրիչներն են։

«Մենք հավատում ենք, որ իրավագիտության և մեդիայի այս եզակի համադրությունը նպաստում է իրավական պետության ամրապնդմանը և խոսքի ազատության առողջ զարգացմանը Հայաստանում»,- նշեց նա։
Դեկան Հ. Խաչիկյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ շեշտելով, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ծրագիրը հաջողություններ է գրանցում, և դրա ցուցիչը տարեցտարի աճող շրջանավարտների թիվն է։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես հավատարիմ է բարձրակարգ մասնագետների պատրաստման իր առաքելությանը։
Ա. Հովհաննիսյանը ևս շնորհավորեց ուսանողներին՝ նշելով, որ մագիստրոսական ծրագիրը բարեհաջող ավարտելը ոչ թե վերջաբան, այլ նոր սկիզբ է՝ գիտելիքների գործնական կիրառման և մեդիաիրավական միջավայրի զարգացման ճանապարհին։
Շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները, իսկ միջոցառումը եզրափակվեց ջերմ շփումներով և հուշային լուսանկարներով։