ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոսներն ու ուսանողները ս․թ․ նոյեմբերի 7-ին «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում իրավական կրթության տարածման նպատակով այցելեցին Ապարան քաղաք, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներով հաղթող էր ճանաչվել։
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աջակցությամբ իրականացված ծրագրի ընթացքում կլինիկայի աշխատակիցներն ու ուսանողները կազմակերպեցին մի շարք կրթական հանդիպումներ և դասախոսություններ քաղաքի տարբեր դպրոցներում՝ նպատակ ունենալով բարձրացնելու դպրոցականների իրազեկվածությունը և խթանելու նրանց հետաքրքրությունը իրավական ոլորտի նկատմամբ։ Դասընթացների շրջանակում անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, թմրամիջոցների իրացման համար նախատեսված քրեական պատասխանատվության, փախստականների և բռնի տեղահանված անձանց պաշտպանության, ինչպես նաև ձերբակալման իրավական հիմքերի և իրավական պաշտպանության գործիքակազմի կիրառման հարցերին:
Դպրոցականներին ներկայացվեցին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուսուցման առանձնահատկությունները, կրթական ծրագրերը, հնարավորությունները, ինչպես նաև ընդունելության գործընթացի մանրամասները։
Բարձրագույն կրթության ոլորտում արդյունավետ ուսուցում ապահովելու համար կարևորելով տեսության և պրակտիկայի համատեղումը՝ այդ համատեքստում ընդգծվեց նաև Իրավաբանական կլինիկայի դերը, մատնանշվեցին գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը։
Հանդիպումների ընթացքում բանախոսները պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին։
Նմանատիպ հանդիպումները նպաստում են դպրոցականների իրավական գիտելիքների ընդլայնմանը, իրենց իրավունքների ճանաչմանը, պաշտպանական մեխանիզմների ըմբռնմանը, ինչպես նաև ձևավորում են քաղաքացիական ակտիվության և սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ։
ԵՊՀ իրավաբանական կլինիկան շարունակաբար իրականացնում է մարզային նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով իրավական կրթությունը դարձնելու առավել մատչելի և ընդգրկուն, խթանելու իրավագիտակցության զարգացումը և ձևավորելու իրավունքի արժեքները գնահատող գիտակից սերունդ դեռ դպրոցական տարիքից։