«Միջազգային մասնավոր իրավունք» դասընթացի շրջանակում (դասախոս՝ պրոֆեսոր Ա. Հայկյանց) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները հանդիպում ունեցան հայաստանյան առաջատար «HAP Law Firm» ընկերության հիմնադիր և տնօրեն, փաստաբան, ի.գ.թ․ Հայկ Հովհաննիսյանի հետ։
Հայկ Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրեց փաստական միջազգային իրական արբիտրաժային գործ՝ մանրամասնելով կողմերի դիրքորոշումները, գործին համընթաց ձևավորված հանգամանքները, ինչպես նաև իրավական այն հարցերը, որոնք ունեցել են վճռորոշ նշանակություն վեճի լուծման գործում։ Նա մանրամասն բացատրեց, թե ինչպես է ձևավորվում փաստաբանի ռազմավարական աշխատանքը՝ նախնական վերլուծությունից մինչև փաստարկների կառուցում և հակափաստարկների ներկայացում։
Հանդիպումը հագեցած էր մասնագիտական դիտարկումներով, որոնք ուսանողներին հնարավորություն տվեցին գործնական հարթության վրա ծանոթանալու փաստաբանի աշխատանքի նրբություններին ոչ միայն ներպետական, այլև միջազգային իրավաբանական սպասարկման ոլորտներում։
Հանդիպման երկրորդ հատվածը վերածվեց ակտիվ և բովանդակալից հարցուպատասխանի։ Ուսանողները բարձրաձայնեցին հարցեր ոչ միայն ներկայացված միջազգային արբիտրաժային գործի, այլև ընդհարապես փաստաբանական գործունեության վերաբերյալ՝ ներառյալ բարդ իրավական իրավիճակներում ճիշտ լուծումների որոնումը և փաստաբանի մոտեցումները իրավական բարդ խնդիրները պարզ և հասկանալի ներկայացնելու հարցում։
Ուսանողների հարցերին տրվեցին բովանդակալից և սպառիչ պատասխաններ՝ պրակտիկ փորձի և տեսական-դոկտրինալ մոտեցումների զուգադրմամբ։ Սա լավագույն հնարավորություն էր ուսանողների համար՝ միջազգային իրավական սպասարկման ոլորտի առաջատար մասնագետից ստանալու արժեքավոր խորհուրդներ ապագա մասնագիտական գործունեության վերաբերյալ։
Այսօրինակ հանդիպումներն օգնում են ուսանողներին կողմնորոշվելու իրավաբանի մասնագիտական ուղղությունների բարդ ընտրության հարցում, նպաստում գիտության և պրակտիկայի միջև փոխադարձ օգտակար և շահավետ կապերի ամրապնդմանը: