Աղվերանում կայացավ Փախստականների իրավունքի 14-րդ դպրոցը, որն այս տարի համախմբեց Գավառի պետական, Գյումրու «Պրոգրես», Հյուսիսային և Երևանի պետական համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողներին և դասախոսներին։
Դեկտեմբերի 12-14-ը անցկացված միջոցառման շրջանակում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ փախստականների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը, ցավոք, շարունակում է խիստ արդիական մնալ այսօր: Ըստ այդմ էլ՝ ոլորտում խոր գիտելիքներ ունեցող կիրթ իրավաբանների պատրաստումը խիստ անհրաժեշտություն է։ Եռօրյա դպրոցը միտված էր հենց այդ նպատակին՝ խթանելու ապագա իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացումը և նրանց իրազեկվածության բարձրացումը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում։
Դպրոցի շրջանակում ուսանողները ունկնդրեցին բազմաբովանդակ դասախոսություններ, մասնակցեցին քննարկումների, որոնց ընթացքում ելույթ ունեցան ոլորտի փորձառու մասնագետները, մասնավորապես՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Քնարիկ Վարդանյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի մասնագետները։
Դպրոցի շրջանակում ուսանողների գործնական կարողությունների զարգացման և կիրառական հմտությունների կատարելագործման նպատակով կազմակերպվեց դատախաղ, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև փաստաբանների դերակատարումներով։ Դատախաղի հիմքում իրական գործ էր։ Այն անցկացվեց վարչական դատավարության ձևաչափով՝ հնարավորություն տալով ուսանողներին գործնականում կիրառելու դպրոցի շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքները։
Եռօրյա դպրոցի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցները ստացան ավարտական վկայագրեր:
Այսօրինակ նախաձեռնությունների շարունակականությունն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ դրանք արդյունավետ հարթակ են տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ համադրելու, ինչպես նաև նեղ մասնագիտական ուղղություններով բարձր որակավորում ունեցող մասնագետներ ձևավորելու գործում։