ՀՀ բարձրագույն դատական խորհրդում ս.թ. դեկտեմբերի 12-ին կայացել է բաց դռների օր՝ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակում։ ԵՊՀ–ԲԴԽ համագործակցության հուշագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ։
Բաց դռների օրվա շրջանակում ԵՊՀ ուսանողները ճանաչողական այց են կատարել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վարչական շենքում, մասնակցել են դատավորին պատասխանատվության ենթարկելու կարգապահական նիստի, հանդիպել ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին և ԲԴԽ անդամներին:
Դատական դեպարտամենտի դերի ու գործառույթների մասին ուսանողների հետ զրուցել են դեպարտամենտի ղեկավարի տեղակալներ Արշակ Վարդապետյանն ու Արուս Հայրապետյանը, շվեդ գործընկեր, դատավոր Բյորն Լինդենը ներկայացրել է Շվեդիայի դատական համակարգի կառուցվածքը, հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև` Հայաստանի դատական համակարգի հետ առկա ընդհանրություններն ու տարբերությունները։
Նմանատիպ այցերը կոչված են բարձրացնելու ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակն ու ապահովելու ակադեմիական գիտելիքների գործնական կիրառությունը: