ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը ս.թ. փետրվարի 18-20-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի կազմակերպած «Ընտրությունների և հանրաքվեի ինստիտուտների նկատմամբ վստահության ձևավորումը. միջազգային դիտորդության դերը» խորագրով միջազգային կոնֆերանսին և ներկայացրել «Ընտրական գործընթացներում արհեստական բանականության կիրառությունը. հնարավորություններ, ռիսկեր և իրավական կարգավորման մոդելներ (միջազգային փորձը և Հայաստանի Հանրապետությունը)» վերտառությամբ զեկույց:
Պրոֆեսորը զեկույցի շրջանակում ներկայացրել է ընտրական գործընթացներում արհեստական բանականության (ԱԲ) կիրառության հնարավորությունները, ռիսկերը և իրավական կարգավորման մոդելները։
Հաշվի առնելով տեխնոլոգիական արագ զարգացումը և լայն հասանելիությունը, ընտրական գործընթացում ԱԲ-ի կիրառման դրական և բացասական դրսևորումները` զեկույցի հեղինակը ներկայացրել է ընտրական գործընթացում իրավական կարգավորման ոլորտում ԱԲ-ի կիրառելի արդիական և հեռանկարային զարգացման ուղղությունները, որոնցից են ընտրական ոլորտում ալգորիթմական համակարգերի կիրառման դեպքում օրենսդրական մակարդակով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների ամրագրումը, ընտրական քարոզարշավի ընթացքում ԱԲ-ով գեներացված քաղաքական բովանդակությամբ նյութերի պարտադիր նշագրումը, քաղաքական միկրոթիրախավորման նկատմամբ սահմանափակումների կամ հատուկ պահանջների սահմանումը, ներառյալ՝ ընտրողներին ալգորիթմական պրոֆիլավորման փաստի վերաբերյալ պարտադիր իրազեկումը: Զեկուցողն ընդգծել է նաև անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների ուժեղացումը՝ քաղաքական գովազդի և նախընտրական քարոզչության համատեքստում, պետական մարմինների և ընտրական գործընթացի մասնակիցների կողմից կիրառվող ԱԲ համակարգերի անկախ տեխնիկական և իրավական աուդիտի ընթացակարգերի ներդրումը, քաղաքական գովազդի թափանցիկության ապահովման և ապատեղեկատվության նկատմամբ օպերատիվ արձագանքի նպատակով թվային հարթակների հետ փոխգործակցության մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև ընտրողների թվային գրագիտության բարձրացումը, ներառյալ՝ «deepfake» և մանիպուլյատիվ բովանդակության ռիսկերի վերաբերյալ իրազեկումը։
Ըստ բանախոսի՝ նշված միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ԱՊՀ մի շարք պետություններում ձևավորելու կարգավորման հավասարակշռված մոդել, որը միաժամանակ կապահովի նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և ազատ, թափանցիկ, հավասար ու արդար ընտրությունների հիմնարար սկզբունքների պահպանումը։