ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը և նույն ամբիոնի դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Շուշանիկ Ղուկասյանը ս.թ մարտի 2-5-ը հանդես եկան «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» թեմայով դասախոսություններով։ Գիտական հանդիպումը համախմբել էր ոլորտի մասնագետներին՝ բժշկական էթիկայի արդիական հարցերի շուրջ գիտելիքների խորացման և մասնագիտական փորձի փոխանակման նպատակով։
Դասախոսությունները հնարավորություն տվեցին ընդգծելու գիտության և պրակտիկայի փոխկապակցվածությունը՝ ներկայացնելով ինչպես թեմայի տեսական հիմքերը, այնպես էլ բժշկական գործունեության ընթացքում ծագող գործնական խնդիրների լուծման հնարավոր ուղիները։
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ բուժաշխատողների համար մասնագիտական շարունակական զարգացման գործընթացը դարձել է պարտադիր պահանջ։ Այդ իսկ պատճառով մասնագետները պարտավոր են պարբերաբար մասնակցել մասնագիտական կրթական ծրագրերի և հավաքել ՇՄԶ կրեդիտներ։
Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի ներկայացրած տվյալ դասընթացը պաշտոնապես կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ծրագրի գիտակրթական արժեքը և համապատասխանությունը ոլորտում սահմանված մասնագիտական չափանիշներին։
Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան հանգամանորեն անդրադառնալու բժշկական էթիկայի արդիական և կարևոր հիմնահարցերին։
Քննարկվեցին բուժաշխատող–բուժառու հարաբերությունների էթիկական չափանիշները, բժշկական էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը, ինչպես նաև էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի գործունեության առանձնահատկությունները և նման խախտումների համար նախատեսված պատասխանատվության մեխանիզմները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև բժշկական միջամտության համար իրազեկված համաձայնության տրամադրման հիմնախնդիրներին։
Դասընթացն անցավ մասնագիտական ակտիվ քննարկումների մթնոլորտում․ մասնակիցները բարձրաձայնեցին նաև գործնական բազմաթիվ հարցեր՝ հիմնված իրենց առօրյա մասնագիտական փորձի վրա։
Քննարկումներին մասնակցեցին ինչպես բուժաշխատողներ, այնպես էլ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական աշխատողներ, ինչը հնարավորություն ընձեռեց թեմաները դիտարկելու մասնագիտական տարբեր տեսանկյուններից և ձևավորելու բովանդակալից ու արդյունավետ մասնագիտական երկխոսություն։
Հարկ է նշել, որ նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական՝ միտված առողջապահության ոլորտի մասնագետների գիտելիքների խորացմանը և բժշկական էթիկայի չափանիշների ամրապնդմանը մասնագիտական գործունեության ընթացքում։
Դասախոսություններն այս փուլում անցկացվեցին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում: