ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում «Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումները» խորագրով բանախոսություն ներկայացրեց Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի (Գերմանիա) դոկտոր Գուրգեն Պետրոսյանը։
Բանախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան ահաբեկչության վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումներին, ընդգծվեց միջազգային համագործակցության կարևորությունը:
Առաջին փուլում բանախոսը ներկայացրեց ահաբեկչության ծագման պատմությունը, ահաբեկչության ընդհանրական բնորոշում տալու ընթացքում պետությունների խուսափողական վարքագծի պատճառները, ինչպես նաև ահաբեկչության միասնական հասկացության բացակայության հնարավոր անբարենպաստ հետևանքները:
Անդրադարձ կատարվեց նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ժամանակակից մոտեցումներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության դերին ահաբեկչության իրականացման և բացահայտման գործընթացներում:
Քննարկման շրջանակում քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Առաքելյանը ներկայացրեց ներպետական օրենսդրության մոտեցումները, ինչպես նաև վերլուծվեցին մի շարք օրինակներ:
Բանախոսություն-քննարկումը հնարավորություն ընձեռեց ուսանողներին իրավական ոլորտի համատեքստում ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից գործընթացների մասին: