ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ս.թ. մարտի 17-ին կայացավ Իրավագիտության ֆակուլտետի հինգ մագիստրոսական ծրագրերի 65 մագիստրոսների (որոնցից 39-ը՝ գերազանց) դիպլոմների հանձնման արարողությունը: Շրջանավարտներն արդեն պատրաստ են համալրելու ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերի, ինչպես նաև մասնավոր հատվածի իրավական ոլորտի մասնագետների շարքերը՝ նպաստելով հայրենիքի բարգավաճմանը:
Մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությունը վարում էր շրջանավարտ Իսկուհի Զաքարյանը: Նա դիմեց բոլորին՝ նշելով օրվա կարևորությունն ու առանձնահատկությունը և նշեց, որ 6 տարիների ընթացքում դժվարությունների, փորձությունների և հաջողությունների միջով են անցել, և այդ ընթացքում դասախոսներն իրենց կողքին են եղել՝ մեծ ներդրում ունենալով իրավագետի ձևավորման գործընթացում:
Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին իրավաբանի բարձր կոչմանն արժանանալու համար, նշեց, որ յուրաքանչյուր սկիզբ ունի իր ավարտը, սակայն այն միջազգային որակավորման վարկանիշով առաջատար և հեղինակավոր իրավաբանի բարձրագույն կրթություն կազմակերպող մայր բուհի հետ համագործակցության շարունակությունն է, որտեղ անցել են շրջանավարտների կյանքի և ուսումնառության լավագույն տարիները:
«Համալսարանը և ֆակուլտետը ձեզ տվել են ժամանակի մարտահրավերներին համապատասխան կրթություն, և վստահ ենք, որ այն իրագործելի կդարձնեք աշխատանքային մասնագիտական գործունեության ընթացքում: 21-րդ դարի 3-րդ տասնամյակում դուք եք կերտելու երկրի ապագան՝ հաղթահարելով ժամանակահատվածի ամենախիստ մարտահրավերները»,- ասաց Հարություն Խաչիկյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտներ Մայա Նադոյանը, Գագիկ Բաղդասարյանը, որոնք բարձր գնահատեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումն ու աջակցությունը որպես իրավաբան և անհատ կայանալու գործում:



