ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնում ս.թ. մարտի 16-ին և 18-ին կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ՝ բնապահպանության ոլորտի առաջատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Հ. Մարտիրոսյանը մարտի 16-ին հրավիրված քննարկմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Նա նշել է, որ տեսչությունը վերջին շրջանում կատարել է մի շարք բարեփոխումներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, իրավախախտումների կանխարգելմանը և ոլորտում թափանցիկության ապահովմանը։ Միաժամանակ ընդգծվել են առկա դժվարությունները, մասնավորապես՝ վերահսկողության ենթակա օբյեկտների մեծ թիվը։
Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնում մարտի 18-ին հյուրընկալված ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հ. Մկրտչյանը և գլխավոր փորձագետ Հ. Ֆրունզիկյանը մանրամասն քննարկել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների կատարելագործման ու դրանց իրականացման ընթացքում առաջացող գործնական խնդիրները։ Շեշտադրվել է գնահատման փուլերի առավել թափանցիկ և հիմնավորված կազմակերպման, ներկայացվող փաստաթղթերի որակի բարձրացման և հանրային մասնակցության ակտիվացման կարևորությունը։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել փորձաքննության ընթացքում առաջացող դժվարություններին՝ մասնագիտական եզրակացությունների պատրաստման, ժամկետների պահպանման և տարբեր շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցության ապահովման տեսանկյունից։
Միջոցառումներին ներկա են եղել Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, որոնք հնարավորություն են ստացել անմիջականորեն ծանոթանալու ոլորտի գործառույթներին, ձեռքբերումներին և մարտահրավերներին։
Հանդիպումների ընթացքում շեշտվել է նշված կառույցների և Ա. Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի կենտրոնի միջև շարունակական համագործակցության կարևորությունը՝ ուղղված ապագա մասնագետների պատրաստման և ոլորտային խնդիրների համատեղ լուծմանը։
Նման ձևաչափով հանդիպումները բարձր են գնահատվում՝ որպես տեսական գիտելիքների և գործնական փորձի արդյունավետ համադրման հարթակ, ինչը նպաստում է ուսանողների մասնագիտական աշխարհայացքի ձևավորմանը և ոլորտի խորքային ընկալմանը։
Կենտրոնը նախատեսում է շարունակել նման նախաձեռնությունները՝ ամրապնդելով համագործակցությունը պետական կառույցների հետ և խթանելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունը մասնագիտական քննարկումներում։