ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն Ք. Վարդանյանը և տնօրենի օգնական Ս. Մկրտչյանը ապրիլի 2-3-ը մասնակցեցին Ուրալի պետական իրավաբանական համալսարանում կայացած «Իրավաբանական կլինիկաների միջազգային ֆորում»-ին: Միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների և ուսանողների՝ նպատակ ունենալով կատարելագործելու կլինիկական կրթության մեթոդաբանությունն ու ընդլայնելու միջազգային գործընկերային ցանցը:
Ֆորումին մասնակցեցին ներկայացուցիչներ տարածաշրջանային մի շարք պետություններից և ՌԴ տարբեր շրջաններից: Նման լայն ներկայացուցչականությունը ԵՊՀ իրավաբանական կլինիկայի պատվիրակությանը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող իրավաբանական կլինիկաների աշխատելաոճին, նրանց արձանագրած հաջողություններին, ինչպես նաև գործընկերներին ներկայացնելու ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեության լավագույն և արդյունավետ փորձը։
Ֆորումը ներառում էր թիրախային խմբային քննարկումներ, որտեղ ներգրավված էին կլինիկաների տնօրեններ, համակարգող-դասախոսներ և ուսանողներ: Քննարկումների առանցքում էին իրավաբանական կլինիկական կրթության ամենաարդիական մարտահրավերները, մասնավորապես՝ նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության (AI) ներդրումը իրավախորհրդատվության գործընթացում, դրանց ընձեռած հնարավորությունները, կիրառման ու ընդլայնման հնարավոր ռիսկերը:
Բացի դրանից՝ անդրադարձ կատարվեց նաև համակարգող դասախոսների դերին՝ քաղաքացիների հետ հարցազրույցներ վարելու և գործի հետագա ընթացքի կազմակերպման փուլերում: Կարևորվեցին կլինիկաների աշխատակազմի և իրավախորհրդատու-ուսանողների հոգեբանական կայունության ապահովման և աջակցության մեխանիզմների անհրաժեշտությունը, քաղաքացու հետ հաղորդակցվելիս էթիկական կանոնների խստիվ պահպանումը, գործերի վարման տեխնիկական առանձնահատկությունները, ուսանողների ընթացիկ գնահատումը, ավարտական վկայագրերի տրամադրումը և մի շարք այլ հիմնահարցեր:
Պլենար նիստի շրջանակում ֆորումի դերն ու նշանակությունը իրենց ողջույնի խոսքում կարևորեցին Սվերդլովսկի մարզի ՄԻՊ-ը, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի պրոռեկտորը, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավար կազմը, հրավիրյալ բարձրաստիճան այլ հյուրեր ՌԴ արդարադատության նախարարությունից, Սվերդլովսկի մարզի հաշտարարների գործունեության ապահովման դեպարտամենտից, «Իրավաբանական կլինիկաների զարգացման կենտրոն» ՀԿ-ից:
Ելույթներում ընդգծվեց իրավաբանական կլինիկաների առանցքային դերը թե՛ որպես կրթական կարևորագույն բաղադրիչ և թե՛ որպես հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրող սոցիալական ինստիտուտ:
Միջոցառման ավարտին մասնակիցները փաստեցին, որ «Իրավաբանական կլինիկաների միջազգային ֆորումը» ոչ միայն փորձի փոխանակման արդյունավետ հարթակ էր, այլև կարևոր հնարավորություն՝ միջազգային գործընկերների հետ կայուն կապեր հաստատելու և ամրապնդելու համար։ Բացի դրանից՝ ձևավորված նոր գործընկերային հարաբերությունները կդառնան ամուր հիմք՝ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև կլինիկական կրթության աշխարհագրությունն ընդլայնելու և զարգացնելու համար։