Սույն թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարան) (ՄՄՀՊԻ) համագործակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հյուրընկալել էր ՄՄՀՊԻ միջազգային-իրավական ֆակուլտետի դեկան Նիկիտա Մոլչակովին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ, խորհրդական Միխայիլ Վոժդաևին։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը և ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Արտակ Ասատրյանը ողջունեցին հյուրերին՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը, այդ թվում՝ հետագա համագործակցության համատեքստում։ Ն. Մոլչակովը ներկայացրեց ՄՄՀՊԻ միջազգային-իրավական ֆակուլտետի պատմությունը, ֆակուլտետի կողմից իրականացվող կրթական ծրագրերը և ապագայի հեռանկարները։ Հյուրերին ներկայացվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գործունեությունը, կրթական ծրագրերը և ֆակուլտետի շրջանակում ձևավորված ավանդույթները։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։
Նիկիտա Մոլչակովը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկավ «Հաջողակ իրավաբանի մասնագիտական դիմանկարը. ժամանակակից պահանջներ և ապագայի մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում ներկայացվեց արագ փոփոխվող աշխարհում իրավաբանի մասնագիտական հաջողությունների նոր ընկալումները և արհեստական բանականության դերը պրակտիկ իրավաբանության արդի զարգացումներում։ Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումներով, բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին։ Մասնակիցները Ն. Մոլչակովին շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր դասախոսության և իրավաբանի մասնագիտությանը նոր դիտանկյունից նայելու հնարավորության համար։