ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը վերջին տարիներին պարբերաբար մասնակցում են «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին` գրանցելով դրական արդյունքներ և դարձնելով շարունակական նմանօրինակ մասնակցությունը: Այն համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր դատախաղ-մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային մասնավոր իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը:
Ս.թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված դատախաղ-մրցույթն այս տարի համախմբել է աշխարհի 89 երկրներից 390 համալսարանների թիմերի:
ԵՊՀ թիմի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Անուշ Քարամյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Էլեոնորա Թումանյանը, Մարգարիտա Եգոյանցը, Արփինե Զոհրաբյանը, 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Գասպարյանը, մարզիչներն են Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ուսանողներ Թամարա Ղազարյանն ու Էրիկ Մանուկյանը։
Մրցույթի ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու ոլորտին առնչվող միջազգային լավագույն փորձը և ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակավոր անձանց, միջազգային հայտնի իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ` ստեղծելով համագործակցային կապեր:
Թիմն իր խորին երախտագիտությունն է հայտնում նյույորքաբնակ անկախ արբիտր Գրանտ Հանեսյանին՝ ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: Նա մասնագիտացած է միջազգային և բարդ առևտրային վեճերի լուծման ոլորտում և իր ներդրմամբ առանցքային դեր է ունեցել թիմի հաջող մասնակցությունը հնարավոր դարձնելու գործում: