ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը 2025 թ. դեկտեմբերից մինչև 2026 թ․ մարտի 26-ը հաջողությամբ մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվող միջազգային հեղինակավոր դատախաղին՝ հաստատելով ԵՊՀ բարձր վարկանիշը միջազգային ակադեմիական հարթակներում։
ԵՊՀ թիմը ներկայացնում էին Իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Լուսինե Զաքարյանը և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Սաթենիկ Խեչումյանը։ Թիմի մարզիչն էր իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։
Մրցույթը, որը համարվում է մտավոր սեփականության ոլորտի ամենամրցակցային և հեղինակավոր ծրագրերից մեկը, այս տարի միավորել էր ավելի քան 200 համալսարանական թիմեր ամբողջ աշխարհից։ Դատախաղը ներառում էր մի քանի փուլ՝ տեսանյութի ներկայացում, գրավոր իրավական փաստաթղթերի պատրաստում և վիրտուալ բանավոր դատավարություն։
2026 թվականի մրցութային խնդիրը վերաբերում էր դրոն արտադրող երկու մրցակից ընկերությունների միջև հորինված իրավական վեճին՝ ընդգրկելով մտավոր սեփականության արդիական և բարդ հարցեր՝ արտոնագրային իրավունքի, ապրանքային նշանների պաշտպանության, առևտրային գաղտնիքների և անդրսահմանային իրավակիրառման ոլորտներում։
Վիրտուալ բանավոր փուլը կառուցված էր իրական դատավարության մոդելով՝ պահանջելով մասնակիցներից ոչ միայն իրավական խոր գիտելիքներ, այլև արագ կողմնորոշվելու, համոզիչ ներկայացման և ռազմավարական մտածողության բարձր մակարդակ։
Մրցույթի արդյունքում ԵՊՀ թիմը գրանցել է բարձր արդյունք՝ հավաքելով 80.3 միավոր և զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ եզրափակիչ փուլ անցած թիմերը հաղթահարել են 85.6 միավորի շեմը, ինչը վկայում է մրցույթի բացառիկ մրցակցային մակարդակի մասին, որտեղ թիմերի միջև տարբերությունները պայմանավորված էին ընդամենը մի քանի միավորով։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմի այս մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է համալսարանի միջազգային ներգրավվածությունը, կրթական բարձր որակը և ապագա իրավաբանների մրցունակությունը գլոբալ իրավական հարթակում։