ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ս.թ. ապրիլի 13-ին «Քաղաքացիական դատավարություն-2» դասընթացի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:
Այցի ընթացքում ուսանողները ներկա են գտնվել դատավոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գ. Գրիգորյանի նախագահությամբ անցկացված մի քանի դատական նիստերի, այդ թվում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, վնասի հատուցման, անձին անգործունակ ճանաչելու պահանջների վերաբերյալ։ Ուսանողները գործնական տեսանկյունից ծանոթացել են հայցային և հատուկ վարույթների դատավարական ընթացակարգին և դրանց շրջանակներում իրականացվող դատավարական գործողություններին։ Նիստերից մեկի շրջանակում ուսանողները Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչի հետ քննարկել են խնամարկյալի գույքի տնօրինման առնչությամբ խնամակալի լիազորությունների էությունը և դրանց իրացման գործնական խնդիրները։
Նիստերից հետո ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը հղելու դատավորին, որը պատասխանեց նրանց հարցերին և փոխանցեց մասնագիտական արժեքավոր խորհուրդներ՝ միտված ապագա իրավաբանների մասնագիտական կայացմանն ու զարգացմանը։
Նման ուսումնաճանաչողական այցերը միտված են բարձրացնելու ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը և ապահովելու տեսական գիտելիքների գործնական կիրառությունը։