ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը ապրիլի 15-16-ը մասնակցել էր «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացման փոխակերպումը. հնարավորություններ և սպառնալիքներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը համախմբել էր գիտական և փորձագիտական լայն շրջանակների ներկայացուցիչների՝ քննարկելու արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։ Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Գիտական հաղորդակցությունների ինստիտուտի հետ համատեղ, և առանձնանում էր իր միջազգային ընդգրկմամբ։
Մասնակիցները ներկայացնում էին ինչպես Հայաստանի տարբեր բուհեր, այնպես էլ մի շարք երկրներ՝ Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և այլն։
Գիտաժողովում Օլիմպիա Գեղամյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ համահեղինակների մասնակցությամբ պատրաստած «Ֆինանսական հաստատությունները և ագրոբիզնեսի կայուն զարգացումը. Հայաստանի փորձը ESG սկզբունքների ներդրման համատեքստում» թեմայով հոդվածի մասին։ Իր ելույթում նա անդրադարձել է Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտում ֆինանսական հաստատությունների դերակատարությանը, հատկապես՝ կայուն զարգացման ապահովման, բնական ռեսուրների պահպանության տեսանկյունից։ Առանձնապես կարևորել է ESG սկզբունքների (շրջակա միջավայր, սոցիալական պատասխանատվություն և կառավարման որակ) ներդրման անհրաժեշտությունը՝ որպես ոլորտի երկարաժամկետ արդյունավետության և դիմակայունության ապահովման կարևոր գործիք։ Օ. Գեղամյանը կարևորել է նաև ֆինանսական հոսքերի ուղղորդումը դեպի պատասխանատու և կայուն ծրագրեր, ինչը կարող է էականորեն նպաստել գյուղատնտեսության արդիականացմանն ու ռիսկերի նվազեցմանը։ Հայաստանի փորձն է ցույց տալիս՝ ESG մոտեցումների աստիճանական ինտեգրումը կարող է խթանել ինչպես ներդրումային գրավչությունը, այնպես էլ գյուղատնտեսական արտադրության որակի բարձրացումը։ Շատ կարևոր է նաև պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության խորացումը՝ նման նախաձեռնությունների արդյունավետ իրագործման համար։
Երկօրյա քննարկումների ընթացքում հնչել են 60-ից ավելի զեկուցումներ, որոնք ընդգրկում էին տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության, թվայնացման և սոցիալական կայունության կարևոր թեմաներ։ Քննարկումները ուղեկցվել են ակտիվ մասնագիտական երկխոսությամբ և փորձի փոխանակմամբ։
Ըստ Օլիմպիա Գեղամյանի՝ գիտաժողովը կարևոր հնարավորություն էր ոչ միայն ներկայացնելու հետազոտության արդյունքները, այլև օտարերկրյա գործընկերների հետ փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման համար։ Նման հարթակները խթանում են գիտական մտքի զարգացումը և նպաստում ժամանակակից մարտահրավերներին համատեղ արձագանքելուն։