ԵՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատակազմը և ուսանողները ս․թ․ մայիսի 14-16-ը «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում և ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ համագործակցությամբ ճանաչողական և կրթական այցով հյուրընկալվեցին ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապանի ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների հետ իրավագիտական թեմատիկ հանդիպումներ և դասընթացներ անցկացնելու նպատակով։
Այցի ընթացքում Իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատուները դպրոցականների համար կազմակերպեցին ինտերակտիվ և բովանդակալից դասընթացներ, որոնք միտված էին պատանիների շրջանում իրավագիտակցության բարձրացմանը, սեփական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության ամրապնդմանը, ինչպես նաև իրավական մտածողության զարգացմանը։
Դասընթացների շրջանակում աշակերտների հետ քննարկվել են արդիական և կարևոր իրավական թեմաներ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անհրաժեշտ պաշտպանությանը և ծայրահեղ անհրաժեշտությանը՝ մանրամասն ներկայացնելով օրինական ինքնապաշտպանության սահմանները և իրավական նրբությունները։ Քննարկվել է նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության թեման՝ շեշտադրելով դրա իրավական ծանր հետևանքներն ու հասարակական վտանգավորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անչափահասների շահագործման հիմնախնդրին․ ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները, ինչպես նաև անչափահասների մասնակցությամբ աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները, օրենսդրական սահմանափակումներն ու սոցիալական երաշխիքները։
Հանդիպումները ոչ միայն տեսական, այլև գործնական բնույթ ունեին։ Իրավախորհրդատուները տարբեր իրավիճակների օրինակներով օգնեցին աշակերտներին հասկանալ, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել իրավական խնդիրների դեպքում, պաշտպանել սեփական իրավունքներն ու ցուցաբերել իրավաչափ վարքագիծ առօրյա կյանքում։
Կրթական դասընթացներին զուգահեռ՝ աշակերտներին ներկայացվեցին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ընդունելության կարգը, կրթական ծրագրերի առանձնահատկությունները և մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Հանդիպումներն անցան ակտիվ և ջերմ մթնոլորտում․ աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկումներին, հնչեցրին բազմաթիվ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակելու կապը համալսարանական կառույցների հետ և ներգրավվելու հետագա կրթական նախաձեռնություններում։