Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ս.թ. հունիսի 19–21-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երկրորդ անգամ անընդմեջ կազմակերպվել է ամառային դպրոց՝ այս անգամ «Մտավոր սեփականություն և արհեստական բանականություն. քրեաիրավական հարցեր» թեմայով։
Ամառային դպրոցին մասնակցել է շուրջ 40 ուսանող հայաստանյան հետևյալ 8 բուհերից՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Շիրակի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան, Հյուսիսային համալսարան։
Բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Բանախոսություններով հանդես են եկել Թյուբինգենի Էբերհարդ Կարլսի համալսարանի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Բերնդ Հայնրիխը և Մյունխենի երկրամասային (վերաքննիչ) դատարանի դատավոր Քատալին Թյոժերը։
Ամառային դպրոցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են մի շարք արդիական հարցեր՝ մտավոր սեփականության պաշտպանության իրավական հիմքերը, մտավոր սեփականության սոցիալ-տնտեսական նշանակությունը, մտավոր սեփականության քրեաիրավական պաշտպանությունը, արհեստական բանականությունն ու հեղինակային իրավունքը։ Ամառային դպրոցի շրջանակում կազմակերպվել են խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում ուսանողներին տրվել են գերմանական պրակտիկայից վերցված իրական գործեր։
Ամառային դպրոցի ավարտին մասնակից բոլոր ուսանողներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր։