ԵՊՀ իրավաբանական կլինիկան 2025-2026 ուստարում ևս հաջողությամբ կյանքի է կոչել «Իրավունք բոլորի համար» կրթական ծրագիրը: Տարեցտարի ընդլայնելով ծրագրի շահառուների թիվն ու աշխարհագրական շրջանակը՝ միաժամանակ արձանագրվել է նաև, որ ընթացիկ ուստարում անցկացված դասախոսությունների թիվը զգալիորեն գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշները՝ սահմանելով նոր նշաձող։
Ծրագրի աշխարհագրությունն այս տարի ևս ընդգրկել է ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ ՀՀ մարզերը: Մասնավորապես՝ կատարվել են այցելություններ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2025» մրցույթում հաղթող ճանաչված քաղաք Ապարան և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք - 2026» մրցույթում հաղթող ճանաչված քաղաք Կապան։ Մարզային այցելությունների նպատակն է իրավական կրթությունը հասանելի դարձնել նաև հեռավոր համայնքների երիտասարդներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց առաջին ձեռքից ծանոթանալու իրենց հետաքրքրող ոլորտային և մասնագիտական թեմաներին, ստանալու գործնական գիտելիքներ և անմիջականորեն շփվելու ոլորտի մասնագետների հետ։
Համալսարանական և արտահամալսարանական բոլոր այցելությունները կազմակերպվել են ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ արդյունավետ և սերտ համագործակցությամբ։
Այցելությունների ընթացքում կլինիկայի ուսանողները կիրառել են ինտերակտիվ և ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ բարդ իրավական հասկացությունները դպրոցականների և անձնակազմի համար դարձել են առավել մատչելի ու հետաքրքիր։ Ծրագիրն իր ուրույն ազդեցությունն է թողել համայնքներում իրավագիտակցության մակարդակի բարձրացման վրա՝ հնարավորություն տալով մասնակիցներին ավելի լավ ճանաչելու իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Դասավանդման և քննարկումների համար ընտրվել են հանրությանը հուզող և առավել արդիական այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրթության իրավունքը, աշխատանքային և պայմանագրային իրավահարաբերությունները, արդարադատության համակարգի գործունեությունը, «հանցագործություն» հասկացությունը, անհրաժեշտ պաշտպանությունն ու ծայրահեղ անհրաժեշտությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ու քրեական պատասխանատվությունը, անչափահասների սահմանադրական իրավունքները և իրացման երաշխիքները քրեակատարողական հիմնարկներում, իրավունակություն և գործունակություն, ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգություն և այլն:
Դասախոսությունների և ճանաչողական այցերի ընթացքում դպրոցականները ոչ միայն ստացել են իրավական գիտելիքներ, այլև մանրամասն իրազեկվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, իրավաբանական կլինիկայի գործունեության, ընդունելության կարգի ու կրթական գործընթացների մասին։
Նմանօրինակ նախաձեռնությունները ապագա դիմորդներին հնարավորություն են ընձեռում ավելի հստակ պատկերացնելու իրավաբանի մասնագիտության բարդություններն ու առավելությունները և կայացնելու գիտակցված որոշում՝ իրենց մասնագիտական ապագան ԵՊՀ-ի հետ կապելու հարցում։
ԵՊՀ իրավաբանական կլինիկան շարունակելու է իր առաքելությունը՝ տարեցտարի ընդլայնելով կրթական ծրագրերի շրջանակը և նպաստելով իրավագիտակից ու իրազեկ հասարակություն ունենալու գործընթացին։