ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի 2025-2026 ուստարվա ավարտական վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս տարի ևս կլինիկան տարին ամփոփեց նշանակալի արդյունքներով և ձեռքբերումներով՝ ամրապնդելով ապագա իրավաբանների մասնագիտական կարողություններն ու փորձը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը բարձր գնահատեց կլինիկայի դերը ֆակուլտետի կրթական գործընթացում՝ շեշտելով, որ ԵՊՀ իրավաբանական կլինիկան, գործելով արդեն շուրջ երեք տասնամյակ, տարիներ շարունակ ծավալում է որակյալ գործունեություն, ինչի մասին փաստում են նաև քաղաքացիների շնորհակալական խոսքերը:
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ներկայացնելով 2025-2026 ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությունը, անդրադարձավ իրականացրած ծավալուն աշխատանքին, ուսանողների գործնական հմտությունների զարգացման ու քաղաքացիներին ցուցաբերված անվճար իրավաբանական օգնության արդյունքներին:
«Իրավաբանական կլինիկական կրթությունը ոչ միայն հնարավորություն է տեսական գիտելիքները վերածելու գործնականի, այլև հասկանալու իրավաբանի` որպես մասնագետի էությունը, նրա պատասխանատվությունը՝ արձանագրելով, որ յուրաքանչյուր գործի հետևում կանգնած է մարդ` իր խնդիրներով, իրավունքներով և սպասումներով»,- նշեց Քնարիկ Վարդանյանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին մասնագիտական խմբերի համակարգող-դասախոսները: Ամիսներ շարունակ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով ուսանողներին՝ նրանք նպաստել են ապագա իրավաբանների մասնագիտական աճին և զարգացմանը։
«Քրեաիրավական/ՄԻԵԴ գանգատներ» մասնագիտական խմբի համակարգող-դասախոս Հայկ Ալումյանն իր շնորհավորական խոսքում ուսանողներին հորդորեց երբեք չմոռանալ, որ իրենց դիմած քաղաքացին կարող է ունենալ բարդ բնավորություն, լինել կոնֆլիկտային և այլ խնդիրներ առաջացնել՝ իր անձնային հատկանիշներով պայմանավորված, սակայն դա չի կարող նշանակել, որ նրա բարձրացրած իրավական խնդիրն իրական չէ:
«Քաղաքացիաիրավական/վարչաիրավական» մասնագիտական խմբի համակարգող-դասախոս Տիգրան Մարկոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ևս մեկ անգամ ընդգծեց Իրավաբանական կլինիկայի և պետական տարբեր կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման գործընթացում:
Միջոցառման ավարտին արձանագրվեց, որ կլինիկական կրթություն ստացած ուսանողները պատրաստ են բարձր պատասխանատվությամբ ու մասնագիտական պատրաստվածությամբ համալրելու հայաստանյան իրավաբանական համայնքի շարքերը, և հանդիսավորությամբ նրանց շնորհվեցին ավարտական վկայականները: