Ընթացիկ տարվա հուլիսի 2-4-ը Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը:
Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ռուս-հայկական համալսարան բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի, Երևանի «Հայբուսակ» համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, ինչպես նաև Շիրակի, Գավառի և Գորիսի պետական համալսարանների ակադեմիական ներկայացուցիչներին և ուսանողությանը։
Ամառային դպրոցի նպատակն էր նպաստել միջազգային իրավունքի ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների խորացմանը, տեսական և գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև միջբուհական համագործակցության և գիտական կապերի ամրապնդմանը։
Դպրոցի շրջանակում անդրադարձ կատարվեց միջազգային իրավունքի արդի և հրատապ խնդիրներին, որոնց վերաբերյալ ներկայացվեցին դասախոսություններ, իրականացվեցին մասնագիտական քննարկումներ՝ ոլորտի գիտական և գործնական փորձ ունեցող մասնագետների մասնակցությամբ։ Քննարկումների շրջանակում ընդգրկվեցին միջազգային իրավունքի մի շարք կարևոր հիմնահարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գործերի քննության ընթացակարգային առանձնահատկությունները, վճիռների կատարման մեխանիզմները և դրանց ազդեցությունը Հայաստանի իրավական համակարգի վրա, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործիքակազմը՝ հատկապես հետհակամարտային իրավիճակներում, ինչպես նաև փախստականների պաշտպանության միջազգային և ներպետական կարգավորումները։ Անդրադարձ կատարվեց նաև Միջազգային քրեական դատարանի դերին 21-րդ դարի աշխարհաքաղաքական և իրավական մարտահրավերների համատեքստում: Բացի այդ՝ քննարկվեցին ինքնիշխանության, մարդու իրավունքների և ուժի կիրառման հարաբերակցությունը, կյանքի իրավունքի պաշտպանությունը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո, պետական սահմանների ձևավորման իրավական հիմքերն ու ժամանակակից մարտահրավերները, ռազմական գործողությունների ազդեցությունը միջազգային ներդրումային պայմանագրերի վրա, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների միջազգային իրավական կարգավորումները։
Դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, որոնք վկայում են նրանց ակտիվ ներգրավվածության և ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքի մասին։
Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ընդգծելով նման ձևաչափի միջոցառումների նշանակությունը միջազգային իրավունքի ոլորտում գիտելիքների խորացման, փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության զարգացման գործում։