Անցկացվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը՝ խորհրդանշելով համալսարանական կարևոր մի շրջափուլի ավարտ և մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ: Արդյունավետ ամփոփելով ուսումնառության տարիները՝ նրանք պատրաստ են ձեռք բերած հարուստ գիտելիքները, մասնագիտական հմտությունները ներդնելու օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում, մասնավոր ոլորտներում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, ողջունելով շրջանավարտներին և ծնողներին, կարևորեց իրավաբանի մասնագիտությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Դիմելով շրջանավարտներին՝ նա մասնավորապես նշեց. «Կյանքի լավագույն փուլն եք ավարտել և ստացել իրավաբանական բարձրագույն կրթություն պատմական երկար ուղի անցած, հեղինակավոր և առաջատար, միջազգային որակավորման չափանիշներին համապատասխան իրավաբանական կրթություն կազմակերպող բուհում, որտեղ կրթական ծրագրերը արդիականացվել և համապատասխանեցվել են ժամանակակից աշխարհի առաջնահերթություններին: Ձեր հաջողություններն ակնհայտ են և շարունակական:
Այս բարդ իրավիճակներում ապագան կերտելու եք դուք, այն ձեր ձեռքերում է՝ ազատ մտածողությամբ, նոր աշխարհընկալումներով, գործելու պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ, միջավայր փոխելու ընդունակությամբ, դժվարություններ ու ճգնաժամեր հաղթահարելու կարողությամբ: Հավատացե՛ք ձեզ, ձեր ընդունակություններին և ուժին: Դառնալով շրջանավարտ՝ դուք մտնում եք համագործակցության նոր փուլ համալսարանի հետ: Բարի երթ ձեզ, հարգելի՛ շրջանավարտներ: Վստահ ենք, որ հաջողությունն ուղեկցելու է ձեզ»:
Դեկանը նաև հավելեց, որ իրավաբանի մասնագիտությունը, լինելով հանրային կյանքի բոլոր ոլորտներն ու հարաբերությունները կարգավորող, միջազգային չափանիշներին համապատասխանող անընդհատ շարժընթաց է, արդեն նաև թվային միջավայրի գիտություն:
Շրջանավարտներ Անի Չիլինգարյանը, Արամայիս Գրիգորյանը և Աննա Գրիգորյանը շնորհակալական խոսք հղեցին մայր բուհին և Իրավագիտության ֆակուլտետին, պրոֆեսորադասախոսական կազմին՝ ուսանողներին միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիքներ փոխանցելու համար՝ արդյունքում ձևավորելով և ամրապնդելով կայուն գիտելիքներ, կարևորագույն արժեքներ՝ չդավաճանել մասնագիտությանը, մասնագիտական և մարդկային սկզբունքներին:
Իրավագիտության ֆակուլտետը 2025-2026 ուստարում թողարկեց 178 շրջանավարտ, որից 35-ը՝ գերազանցության դիպլոմով: Շրջանավարտները փաստեցին, որ ուսումնառության տարիներին ձեռք են բերել հարուստ գիտելիքներ, հմտություններ և մարդկային բարձր որակներ: