ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործակցության շրջանակում ս.թ. հուլիս 5-10 երիտասարդ հայ իրավաբանների համար կազմակերպվել է ճանաչողական այց Գերմանիա:
Պատվիրակության կազմում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և IRZ-ի համագործակցությամբ անցկացված դատախաղերին մասնակցած երիտասարդ իրավաբաններ՝ ներկայացուցիչներ ԵՊՀ-ից, Հայաստանում ֆրանսիական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարաններից։
Գերմանիայի արդարադատության համակարգի, գիտահետազոտական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ նոր պատկերացումներ և ընկալումներ ձևավորելու նպատակով մասնակիցները այցելել են մի շարք հաստատություններ, այդ թվում՝
Դյուսելդորֆի երկրամասային դատարան (բանախոսությամբ հանդես է եկել Դյուսելդորֆի երկրամասային դատարանի նախագահող դատավոր, դոկտոր Վերա Դրեսը),
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի արդարադատության նախարարություն (բարձրագույն իրավաբանական կրթության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի արդարադատության նախարարության ավագ խորհրդական, դոկտոր Քրիստիան Ռայթեմայերը և խորհրդական Շտեֆան Հակերտը),
Դյուսելդորֆի դատախազություն (Գերմանիայի դատախազության խնդիրների և կառուցվածքի մասին բանախոսությամբ հանդես է եկել դատախազ Ռադբոդ Ռադը),
Դյուսելդորֆի ոստիկանություն,
Քյոլնի բարձրագույն երկրամասային դատարան (բանախոսությամբ հանդես են եկել Քյոլնի բարձրագույն երկրամասային դատարանի փոխնախագահ Սուզաննե Վերներուսը և նախագահող դատավոր Միրիամ Մյուլերը),
Քյոլնի գլխավոր դատախազություն (բանախոսությամբ հանդես է եկել Քյոլնի գլխավոր դատախազության դատախազների խորհրդի նախագահ Ուլրիխ Կլոյզերը),
Քյոլնի երկրամասային դատարան,
Ռայնբախի քրեակատարողական հիմնարկ,
Պրոբացիայի և դատական աջակցության ծառայության Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Հայդելբերգ մասնաճյուղ։
Մասնակիցները այցելել են նաև Մաքս Պլանկի անվան արտասահմանյան հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտ (MPI), որտեղ բանախոսությամբ հանդես է եկել դոկտոր Մաթիաս Հարթվիգը, ինչպես նաև Հայդելբերգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որտեղ բանախոսությամբ հանդես է եկել դեկան, դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Պիքենբրոքը։
Այցի ընթացքում մասնակիցները հյուրընկալվել են IRZ հիմնադրամի գրասենյակում և հանդիպել հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Շտեֆան Հյուլզհյորստերին և այլ ներկայացուցիչների։ IRZ հիմնադրամում կիրառական գիտությունների ուսումնական հաստատության կառուցվածքի և կազմակերպման վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել դոկտոր, պրոֆեսոր Բիժան Նովրուզիանը։
Նման ճանաչողական այցերը միտված են բարձրացնելու ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը և ապահովելու տեսական գիտելիքների գործնական կիրառությունը:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: