Թարգմանչաց տոնը հայ մշակույթի, լեզվի և դպրության նշանավորման օրերից է՝ նվիրված սուրբ Մեսրոպ Մաշտոցին, սուրբ Սահակ Պարթևին և նրանց աշակերտներին։
405 թվականին հայոց գրերի ստեղծմամբ և Աստվածաշնչի հայերեն թարգմանությամբ սկզբնավորվեց հայ մշակույթի Ոսկեդարը։ Աստվածաշնչի թարգմանությունը հետագայում արժանացավ «թարգմանությունների թագուհի» բնորոշմանը, իսկ Սողոմոնի առակների՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» հայտնի նախադասությունը դարձավ հայ գրավոր մշակույթի սկզբնավորման խորհրդանշական արտահայտություններից մեկը։ Թարգմանչաց տոնը խորհրդանշում է հայոց լեզվի, դպրության, ազգային ինքնության և հոգևոր ժառանգության հարատևությունը։
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս Թարգմանչաց տոնին ընդառաջ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է այց դեպի Օշական:
Այցը մասնակիցների համար դարձել է հայոց թարգմանչական ավանդույթին, ազգային մշակույթին և հոգևոր ժառանգությանը հաղորդակցվելու ևս մեկ հնարավորություն։ Օրվա ընթացքում ուսանողները արժևորել են հայ թարգմանչության պատմական նշանակությունը և նրա կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ինքնության ու մշակութային դիմագծի պահպանման գործում։
Ծրագրի երկրորդ հատվածն անցել է հոգևոր-մշակութային մթնոլորտում․ մասնակիցները ծանոթացել են հետաքրքիր տեղեկությունների, իսկ ազգային պարերը լրացրել են օրվա տոնական տրամադրությունը։
Ուսանողների խոսքով՝ այցին առանձնահատուկ ջերմություն և բովանդակություն են հաղորդել սիրելի դասախոսների հետ անկաշկանդ զրույցները, մասնագիտական քննարկումներն ու նոր գիտելիքների ձեռքբերումը։ Հանդիպումը դարձել է ոչ միայն մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու, այլև ուսանող-դասախոս անմիջական շփման և մասնագիտական երկխոսության հնարավորություն։


