ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում հյուրընկալվեց Ն. Կոպեռնիկոսի անվան Թորունի համալսարանի (Լեհաստան) ֆիզիկական քիմիայի և պոլիմերների ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վոյցեխ Կույավսկին:
Պրոֆեսոր Վոյցեխ Կույավսկին Քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում իրականացվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «25RG-1D053» ծածկագրով գիտական դրամաշնորհի (ղեկավար` ք.գ.թ., դոցենտ Լիանա Գաբրիելյան) դրամաշնորհի արտասահմանյան խորհրդատուն է։
Ս.թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցան խմբի գիտական թեմայի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկումներ: Բացի այդ՝ պրոֆեսոր Կույավսկին հանդես եկավ դասախոսությամբ: Նա ներկայացրեց թաղանթների պատրաստման տեխնոլոգիաների և դրանց կիրառման ոլորտներում ունեցած իր փորձը։ Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ուսանողներ:

