Քիմիայի ֆակուլտետում կայացավ տարվա ամենասպասված և խորհրդանշական միջոցառումներից մեկը՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Տոնական մթնոլորտում ֆակուլտետի հերթական շրջանավարտները ստացան իրենց բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմները՝ ամփոփելով տարիների հետևողական ուսումնառությունը, գիտական որոնումներն ու ձեռքբերումները։
Միջոցառման բացմանը ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանը, շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր հանգրվանի հասնելու կապակցությամբ, իր խոսքում նշեց, որ դիպլոմը ոչ միայն ավարտի խորհրդանիշն է, այլև նոր հնարավորությունների, մասնագիտական աճի և պատասխանատվության սկիզբը։ Դեկանը շրջանավարտներին մաղթեց երբեք չդադարել սովորել, լինել համարձակ գիտական որոնումների ճանապարհին և իրենց գիտելիքներով նպաստել գիտության ու երկրի զարգացմանը։
Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկան նաև ֆակուլտետի դասախոսները։ Նրանք ջերմությամբ հիշեցին ուսանողական տարիների ամենահիշարժան դրվագները, ընդգծեցին, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր հետ տանում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև արժեքներ, որոնք ձևավորվել են համալսարանական միջավայրում՝ աշխատասիրություն, ազնվություն, պատասխանատվություն և թիմային համագործակցություն։ Դասախոսները վստահություն հայտնեցին, որ իրենց սաները հաջողությամբ կշարունակեն մասնագիտական ուղին՝ դառնալով արժանի մասնագետներ և պահպանելով կապը հարազատ ֆակուլտետի հետ։
Հանդիսավոր արարողության ընթացքում շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, շնորհակալություն հայտնեցին դասախոսներին և ֆակուլտետի աշխատակազմին՝ նվիրված աշխատանքի, աջակցության և տարիներ շարունակ փոխանցած ակադեմիական հիմնարար գիտելիքների համար։









